Հայերեն   English   Русский  

​Կյանքը ցույց տվեց, որ պետությունը ցանկությունների վրա չի կառուցվում. Ալբերտ Բաղդասարյան


  
դիտումներ: 4600

ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ նախաձեռնված «Անկախությունը կերտողները» շարքի շրջանակներում «Անկախը» հարցազրույց է ունեցել «Ղարաբաղ» կոմիտեի չհայտարարված անդամ, առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանի հետ:

- Պարոն Բաղդասարյան, 2016-ին Հայաստանի երրորդ Հանրապետության անկախության 25-ամյակն ենք նշում: Հետաքրքիր է Ձեր կարծիքն իմանալ. նախորդ 25 տարիներին հետադարձ հայացք ձգելիս ի՞նչ ձեռքբերումներ և բացթողումներ եք տեսնում:

- Ուզում եմ ֆիքսեք, որ այս տարի կլրանա դե յուրե անկախության 25-ամյակը, իսկ իրականում անկախ ենք եղել արդեն առաջին Գերագույն խորհրդի կազմավորումից հետո` 1990-ի մայիսի 20-ից: Հետևաբար, հետահայաց գնահատական տալիս արժե ոչ թե 91 թվականից հետոյի գնահատական տալ, այլ 90 թվականից: Որովհետև, ձեռքբերումներն էլ, բացթողումներն են 90 թվականից են սկսվում:

Նախ՝ ձեռքբերումների մասին: Դա Հայաստանի՝ որպես իրավունքի միջազգային սուբյեկտի անկախության վերականգնումն էր: Անկախություն ունենալը յուրաքանչյուր ազգի երազանքն է: Քրդերը հիմա կանանցով, երեխաներով, տղամարդկանցով պատերազմ են վարում միայն այդ նպատակին հասնելու համար: Մենք 91 թվականին քիչ զոհերով դե յուրե ամրագրեցինք այդ կարևորագույն բանը, միաժամանակ վերականգնեցինք մեր ինքնիշխանությունը Արցախում: Սա համարում եմ մեր միակ ձեռքբերումը: Մնացածը, ինչքան նայում եմ, բացթողումներ և կորուստներ են: Այնքան, որ անգամ արցախյան տարածքային ձեռքբերումը դարձավ ոչ թե XXI դարի տրամաբանությանը համահունչ պետություն կերտող ժողովրդի ձեռքբերում, այլ ծանր քար` կախված այդ առաջընթացից, որն օգտագործում են տարբեր ուժային կենտրոններ, մասնավորապես՝ Ռուսաստանը:

1990 թվականին՝ Գերագույն խորհրդի կազմավորումից հետո, բնական էր, որ որպես նոր եկած ուժեր կողքի դնեինք հին ուժերին և կազմավորեինք նոր իշխանությունը, որն անկախ Հայաստանի կերտման հիմքը կդներ ու զարգացման ճանապարհ կնախանշեր: Այդտեղից էլ սկսվեցին մեր սխալները, որոնք ես ճակատագրական եմ համարում:

Այդ սխալների հիմքը մեր անփորձությունն էր: Մենք ծնվել ու ապրել էինք Սովետական Միությունում, որը, անկախ մեզանից, պետություն էր: Իշխանությունը վերցնելուց հետո մեր պատկերացումներն այսպիսին էին. եթե կոմունիստական գաղափարախոսությանը և պլանային տնտեսությանը հակադրենք ոչ կոմունիստական, ազատական մտածողություն և ազատ տնտեսական հարաբերություններ, ապա անկախ պետությունն ինքնուրույն առաջ կգնա: Հիմա, հետադարձ հայացք ձգելով, հասկանում եմ, որ ամեն ինչ շատ պարզ էինք պատկերացնում: Եթե կոմունիստական գաղափարախոսությունը փոխարինեցիր ՀՀՇ-ական գաղափարախոսությամբ, դա դեռ բավարար չէ նոր տիպի պետություն կառուցելու համար: Եթե պահպանում ես նույն պետական կառավարման համակարգը, որը հատուկ էր կոմունիստականին և տոտալիտար էր բնույթով ու բավարարում էր կոմունիստական գաղափարախոսությունն իրականացնելուն, ընդամենը փոխում ես աշխարհայացք, բայց կառավարելու համար վերցնում նույն գործիքները: Չեռնոմիրդինի ասածի պես կլինի. «Хотели как лучше, а получилось как всегда»:

Դա նրանից էր, որ կառավարման համակարգի էությունը ամբողջությամբ պահպանելով՝ փորձեցինք փոխել գաղափարախոսությունը և տնտեսական հարաբերությունները:

Չի կարող քաղաքական համակարգը լինել տոտալիտար, իսկ տնտեսական համակարգը՝ ազատական, մրցակցային: Տոտալիտար կառավարման համակարգը ստեղծում ու ապահովում է այն տնտեսական համակարգը, որն ունեցել ենք և այսօր էլ գործում է Հայաստանում: Ժողովրդին թալանող, հակամրցակցային և՛ տեղական, և՛ արտաքին մոնոպոլիաներ: Իսկ պետականորեն իբր դրա դեմ պայքարի համար ստեղծված հանձնաժողովներն էլ՝ Հակամենաշնորհային ու Տնտեսական մրցակցության, ընդամենը գործիք են ռեժիմի կողմից հսկվող տնտեսության խաղի կանոնների պահպանման համար:

Տնտեսապես պետությունն աղքատանում է, ինքնիշխանությունը՝ զիջվում:

Հստակ նշմարվում է պաշտոնական ճոռոմաբանությամբ սքողվող պետության վերացման գործընթաց, որի դեմն առնելու փորձերը շուտով կլինեն ուշացած:

- Ասացիք, որ այն ժամանակներում որոշումներ կայացնելիս անփորձ էիք: Բայց հաստատ Հայաստանի ապագայի որոշակի տեսլական ունեինք: Ինչպիսի՞ն էր այդ տեսլականն այն ժամանակ:

- Ուզում էինք, որ հասարակական հարաբերություններն այլ լինեն, մարդը պաշտպանված լինի, ոստիկանը քաղաքացու պաշտպանը լինի, որ պետական պաշտոնյան պատասխանատու լինի: Մենք պատկերացնում էինք դրախտային Հայաստան թե՛ հասարակական, թե՛ տնտեսական հարաբերությունների առումով:

Ալբերտ Բաղդասարյան

Պատրաստ էինք առանց աչք թարթելու մեր կյանքը տալ այդ ապագայի համար: Բայց քանի որ փորձ չունեինք, չգիտեինք, որ դա միայն ցանկությամբ չի առաջնորդվում: Կյանքը ցույց տվեց, որ պետությունը ցանկությունների վրա չի կառուցվում:

Ցանկությունները պետք է հստակեցվեն, հստակեցվի այն ճանապարհը, որը տանում է դեպի դրանց իրականացում, հաշվարկվի ուժերի հարաբերակցությունը, որը հիմք կտա այդ ճանապարհով տեղ հասնելու, հետո արդեն պետք է սկսել առաջին քայլից:

Իսկ առաջին քայլը համարում եմ ինքնիշխանություն ապահովող, իշխանության պատասխանատվության հստակ, իրականանալի մեխանիզմներով պետական կառավարման ժողովրդավարական համակարգի հիմնադրումն ու կայացումը, որը չունենք առ այսօր:

- Հաճախ անկախության տարիների սխալները մեկնաբանելիս ասվում է, որ 1991-ին ժողովուրդը պատրաստ չէր անկախությանը: Ձեր կարծիքն ինչպիսի՞ն է:

- Պատրաստ չէինք լինի, եթե հանրության գոնե կեսը դեմ քվեարկեր, մինչդեռ 99 տոկոսը կողմ էր քվեարկել: Գաղափարապես բոլորս համոզված էինք, որ մենք միայն անկախ կարող ենք զարգանալ և նորմալ պետություն ստեղծել, որն իրականում ամբողջ աշխարհում նորմալ պետության կայացման հիմքն է: Բայց մենք անպատրաստ էինք այն առումով, որ անկախությունը երկնային մանանա չէ, որ եթե թղթի վրա գրվեց կամ ՄԱԿ-ում ճանաչվեց, միանգամից կստեղծվի այն պետությունը, որն ուզում ես: Անպատրաստ էինք անկախ պետություն ստեղծելու ցանկության համակարգված, դետալների մակարդակով մշակմանն ու իրականացմանը:

- Իսկ ո՞րն եք համարում պետականաշինության 25 տարիների ընթացքում թույլ տրված ամենամեծ սխալը:

- 91 թվականին, քանի որ «Ղարաբաղ» կոմիտեի ներսում, մասնավորապես՝ Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի և վարչապետ Վազգեն Մանուկյանի միջև հակասություններ կային, մեր ֆանտազիայի ամենամեծ թռիչքն այն էր, որ դադարեցնենք երկիշխանությունը և կենտրոնացված իշխանություն ստեղծենք: Դա սովետական մտածողության բացահայտ ցուցանիշ էր: Հանրաքվեից հետո ընդունեցինք «ՀՀ նախագահի մասին» օրենքը: Համարյա ժողովրդավարական ընտրություններով Լևոն Տեր-Պետրոսյանը 83.5 տոկոս քվեներով ընտրվեց ՀՀ նախագահ: Թվում էր` էլ ի՞նչ է պետք երջանկության համար. ունենք անկախ պետություն, դեմոկրատական ճանապարհով ընտրված նախագահ, տնտեսական փոփոխություններն էլ անում ենք: Բայց հենց այստեղ պետականաշինության ամենամեծ սխալն արվեց: Մենք ստեղծեցինք առանց հակակշիռների պետական կառավարման համակարգ: Դրանում նաև իմ մեղքն ու պատասխանատվությունն ունեմ. գաղափարի նախաձեռնողներից մեկն էի ու իմ լուման ունեմ այդ օրենքի մշակման գործում: Եթե վերադառնալու հնարավորություն լիներ, ես նախագահի մասին օրենքն այդ տեսքով չէի ընդունի, Հայաստանը չէի դարձնի մի կենտրոնից կառավարվող երկիր, որի ճակատագիրը մեկ մարդ է տնօրինում: Որովհետև մեկ հոգու վրա ազդելու լծակներ, այն էլ գործող համակարգում, այնքան ժողովուրդը չունի, որքան արտաքին ուժերն ունեն: Հայաստանի պատմությունը ցույց տվեց, որ իշխանությունը պահելու համար մեթոդներ ընտրելիս նախապատվությունը արտաքին ազդակներին է տրվում, ոչ թե ժողովրդին: Այսպես, 1992 թվականից սկսած, օրենքի սահմաններում իշխանության ուզուրպացիա տեղի ունեցավ:

Երկրորդ ամենամեծ սխալը «ՀՀ նախագահի մասին» օրենքը սահմանադրական մակարդակի բարձրացնելն էր: Այսինքն՝ նախագահի մասին օրենքով պայմանավորված այն համակարգը, որը բերեց մենիշխանություն և Հայաստանի հետընթաց, 95 թվականին ամրագրեցինք ՀՀ սահմանադրությամբ: Այդ սահմանադրության մեջ բոլոր իրավասությունները տվեցինք ՀՀ նախագահին` առանց հակակշիռների: Այնտեղ կար նախագահին անվստահություն հայտնելու մի կետ, որն անիրականանալի էր: Մեծագույն սխալ էր այդ օրենքով պայմանավորված տրամաբանությամբ սահմանադրությունը 1995 թվականի հուլիսի 5-ին կեղծիքներով ընդունելը:

Լևոն Տեր-Պետրոսյանի ստացած 83.5 տոկոս քվեներն ընտրություններում իր անձին չէին տրված, այլ 1988-90 թվականների «Ղարաբաղ» կոմիտեի և ժողովրդի գործողություններին: Բայց Լևոն Տեր-Պետրոսյանը համարեց, որ իր անձին է ձայն տրվել, և աստիճանաբար վերադարձանք սովետական մոդելին, ուղղակի կենտկոմի գլխավոր քարտուղարին փոխարինեց նախագահը, որն ուներ անսահման լիազորություններ՝ առանց հակակշիռների: Հենց որ այս բացթողումը ֆիքսենք, մեր խնդիրը կդառնա ոչ թե անձերը փոխելը, այլ պետություն կառուցելու բնական հետևանք: Համոզված եմ՝ երբ նորմալ պետական համակարգ ստեղծենք, այսօրվա գործող իշխանություններից հաշված անձինք կմնան որպես պրոֆեսիոնալներ, բայց ոչ որպես որոշողներ, այլ ֆունկցիոնալ չինովնիկներ: Իսկ մեզ մոտ, քանի որ չի գիտակցվում, թե սխալը որտեղից է գալիս և ինչպես պետք է ուղղվի, անընդհատ պայքարում ենք անձերի դեմ:

- Որո՞նք եք համարում ներկայումս Հայաստանի առջև ծառացած ամենամեծ մարտահրավերները:

- Առաջին մարտահրավերը համարում եմ մեր ներքին կյանքում պետություն չկայացնելու փաստի արձանագրումը, այդ հարցի լուծում չունենալը: Սա համարում եմ մեր համար մեկ դժբախտությունն ու հիմքը մնացած բոլոր մարտահրավերների:

Երկրորդը Ռուսաստանի քաղաքականությունն է Հայաստանի նկատմամբ՝ պայմանավորված մեր թուլությամբ: Շատերն ավելի կարևոր մարտահրավեր են համարում թուրք-ադրբեջանական գործոնը և Ղարաբաղյան հակամարտությունը: Բայց ես վստահ եմ, որ ռազմական առումով Ադրբեջանի համար այնքան էլ հեշտ չի լինի մեր դեմ պայքարը, մենք դեռ փուշ կմնանք նրա կոկորդում: Իսկ թուրքական վտանգը պետականորեն հնարավոր է չեզոքացնել՝ պայմանավորված համաշխարհային քաղաքական զարգացումներով:

Հայաստանի պետականության վերացման առաջին ջատագովը և աջակցողը համարում եմ Ռուսաստանը: Ոչ թե այն պատճառով, որ հայերիս չեն սիրում, բոլորովին: Այստեղ ամրապնդվելու համար Ռուսաստանի կայսերական քաղաքականությանը պետք է ֆորպոստ, ռազմաբազա, հողատարածք, ինչը չի նշանակում այդ տարածքում ունենալ ինքնիշխան ժողովուրդ, որի հետ պիտի հաշվի նստես որոշումներ կայացնելիս:

Չեմ անդրադառնում տնտեսական խնդիրներին, քանի որ դրանք քաղաքական համակարգի հետևանք են: Կրկնում եմ՝ չի կարող քաղաքական համակարգը լինել տոտալիտար, իսկ տնտեսական համակարգը՝ ազատական, մրցակցային:

- Այս պայմաններում Հայաստանի ապագայի ի՞նչ տեսլական ունեք: Ի՞նչ քայլեր են հարկավոր դրան հասնելու համար:

- Ապագայի տեսլականը կախված է այն հանգամանքից` ընթացքը կփոխվի՞, թե՞ ոչ:

Իրականում տեսլականը չի փոխվել` նույն 90 թվականի պետություն ստեղծելու մեր տեսլականն է: Չեն փոխվել նաև քայլերը. ես տարիներ առաջ բազմիցս խոսել ու գրել եմ այդ մասին: Այստեղ ճանապարհի գիտակցումն է կարևոր: Ես իմ բաժին գործը, որքան հնարավոր է, անում եմ` պետության ապագան միայն անձերով պայմանավորելու կեղծ գաղափարը հանելով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: