Հայերեն   English   Русский  

Մեր սերունդը չի սխալվել՝ անկախության հասնելով, անկախ պետություն ստեղծելով. Ալեքսան Հակոբյան


  
դիտումներ: 3919

«Անկախությունը կերտողները» շարքի շրջանակներում «Անկախը» հարցազրույց է ունեցել «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, 1-ին գումարման ԳԽ պատգամավոր, 1993-2004 թթ. ԼՂՀ Քաշաթաղի վարչական շրջանի ղեկավար, ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Քրիստոնյա Արևելքի բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, ՀԱԿ անդամ Ալեքսան Հակոբյանի հետ:

- Պարոն Հակոբյան, այս տարի տոնում ենք Հայաստանի երրորդ Հանրապետության 25-ամյակը: Եթե հետադարձ հայացք ձգենք մեր պետության անցած ուղուն, ի՞նչ ձեռքբերումներ և բացթողումներ եք տեսնում:

- Նախ ասեմ, որ 25 տարին լավ ժամկետ է, ուղիղ մեկ սերնդի ժամկետ է. պատմաբաններս սերունդներ հաշվելիս 25 տարին ենք հիմք վերցնում: Երբ սերունդ է փոխվում՝ փոխվում են նաև մոտեցումները, գաղափարներն ու գնահատականներն ավելի են ճշգրտվում, անելիքներն ավելի հստակ են դառնում, լավ երևում են սխալները: Հիմա այս 25 տարվա հեռվից էլ նայելով մեր անկախ երկրին՝ կարող ենք խոսել այն մասին, որ մի լավ բան է տեղի ունեցել 25 տարի առաջ կամ գուցե մի քիչ ավելի, նայած թե ինչից ենք հաշվում: Կարելի է, օրինակ` մեր անկախությունը հաշվել 88 թվականից, երբ հայ հասարակությունը տոգորվեց անկախության գաղափարով, ոչ թե պարզապես անկախ երկիր ունենալու, այլ որպես հասարակություն անկախ քայլեր կատարելու: 88-ի ամռանը, երբ հրատարակվեց ՀՀՇ ծրագիրը, այնտեղ կար անկախության հասնելու կետը, դա ևս անկախության սկիզբ կարելի է համարել: 1990 թվականին Անկախության հռչակագրի շնորհիվ մենք արդեն ունեցանք անկախության շատ կոնկրետ փաստ: Սկիզբ կարելի է համարել նաև 1991 թվականի հանրաքվեն, քանի որ իրավականորեն և վերջնականապես այդ ժամանակ ձևակերպվեց պետության անկախությունը:

Եթե փորձենք մանրամասները հանել, պիտի ասենք, որ գործ ունենք մի շատ լավ բանի հետ: Պատմական լայն հեռանկարով նայելիս տեսնում ենք, որ հայ ժողովուրդն իր հազարամյակների պատմության ընթացքում, ինչպես և ամեն մի ժողովուրդ, ունեցել է բազմաթիվ վերելքներ ու վայրէջքներ: Շնորհիվ այս անկախության` հայերս կատարեցինք վերելքի ձգտման մի կարևորագույն քայլ: Եվ 25 տարվա հեռավորությունից կարելի է ասել, որ Հայաստան պետության անկախությանը ոչինչ չի սպառնում, այդպես էլ շարունակելու ենք` անկախ նրանից՝ Հայաստանի պետական իշխանությունը լավը, թե վատը կլինի: Գործ ունենք պատմական հրաշալի երևույթի հետ, ինչպիսին անկախության ձեռքբերումն է:

Ինչ վերաբերում է բացթողումներին, ո՞ւմ բացթողումների մասին է խոսքը: Մեր պետական համակարգի գործունեությա՞ն: Սա առանձին հարց է: Ոմանք ուղիղ ձևով կապում են, ասում են՝ անկախությունից հետո պետությունը սկսեց վատ աշխատել: Ես էլ շատ թերություններ եմ տեսնում այսօրվա պետական համակարգի գործունեության մեջ, բայց դա ուղղակի կապ չունի մեր անկախության հետ: Մարդիկ դրանք կապում են այն պահին, երբ փորձում են անկախությունը քննել: Մինչդեռ իմ մոտեցումն այն է, որ անկախությունը չեն քննում, ինչպես հավատքի դեպքում Աստծուն չեն քննում, պաշտամունքի առարկան չեն քննում: Ընդհանրապես հոգևոր երևույթները քննության առարկա չեն. հայրենիքը հայրենիք է, և վերջ, ծնողը ծնող է, և վերջ, երեխան երեխա է, և վերջ: Այդպես էլ անկախությունն է, այն քննության առարկա չէ, ճիշտ չէ դրան նայել թվաբանորեն:

- Անկախությունը կերտելիս ինչպիսի՞ն էր անկախ Հայաստանի Ձեր տեսլականը:

- Անձամբ իմ տեսլականը կարելի է ձևակերպել այսպես. ես անկախ հայոց պետության մեջ տեսնում էի աշխարհի հնարավոր բոլոր բարիքները: Ժողովրդի, մեր ու հաջորդ սերունդների համար լավագույն բաները տեսնում էի անկախության ձեռքբերման մեջ և կարծում եմ` չեմ սխալվել: Անկախությունը բերեց այդ բոլոր լավ բաների հնարավորությունը: Մենք` «Ղարաբաղ» կոմիտեն, պատկերացնում էինք, որ մեր անկախ պետությունը կլինի աշխարհի լավագույն պետությունը բոլոր առումներով, և՛ ժողովրդավարության, և՛ տնտեսական հնարավորությունների, և՛ մեր ազգային իղձերի իրականացման հնարավորությունների առումով: Մեր սերունդը չի սխալվել՝ անկախության հասնելով, անկախ պետություն ստեղծելով, որովհետև իմ բոլոր թվարկածները կատարվել են, և կատարվել են լավագույնս, որն անհամեմատելի է նախորդ, խորհրդային շրջանի հետ, երբ հայությունն անկախ քայլեր կատարելու հնարավորություն չուներ: Անկախություն ձեռք բերելուց հետո ունեցանք այդ հնարավորությունը և այժմ էլ ունենք, այլ հարց է, թե ինչքանով ենք այն իրագործում կամ յուրաքանչյուրիս կարծիքով ինչքանով է այն իրագործվում: Կարծիքները կարող են տարբեր լինել, և դա ամենևին չպիտի կապ ունենա անկախության լավը կամ վատը լինելու հետ:

- Երբեմն անկախության տարիների ձախողումները մեկնաբանելիս ասվում է, որ հայությունը 1991-ին պատրաստ չէր անկախությանը: Ձեր կարծիքն այս առումով ինչպիսին է:

- Ճիշտ հարցադրում է և՛ պատմական, և՛ մեթոդաբանության իմաստով: Բայց այդ հարցի պատասխանը միանշանակ լինել չի կարող: Կարելի է նախ որոշել համեմատության մեջ: Համեմատել պետք է այն երկրների հետ, որոնք, չլինելով անկախ, ինչ-որ մի պատմական պահի ձեռք են բերել անկախություն, և առաջին հերթին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող հանրապետությունների հետ: Ես կարծում եմ, որ Հայաստանը, շնորհիվ արցախյան շարժման, ամենապատրաստներից մեկն էր, եթե ոչ ամենապատրաստը: Եթե անգամ թվաբանական հաշվարկ անենք` մենք էինք ավելի պատրաստ, թե Մերձբալթյան հանրապետությունները, կարծում եմ, որ մենք: Պատրաստ էինք և՛ անկախ պետականության ստեղծմանը, և՛ արցախյան պատերազմին: Պատրաստ էինք շնորհիվ նրա, որ արցախյան շարժման տարիներին էապես սովորել էինք գործել անկախ, և դա վերաբերում էր ոչ միայն «Ղարաբաղ» կոմիտեին, այլև ամբողջ ժողովրդին: Իհարկե, ժողովրդի մեջ կային խավեր, որոնք անկախությանը պատրաստ չէին, որոնք անկախությանը դեմ էին, ու սեպտեմբերի 21-ի հանրաքվեի ժամանակ էլ եղան բացասական քվեներ:

Երկրորդը վիճակագրական մոտեցումը կարող է լինել: Մարդիկ ժողովրդավարական ձևով, առանց ստիպողականության գնացին ու իրենց ազատ կամքը դրսևորեցին: Հանրաքվեի բարձր տոկոսները նույնպես վկայում են, թե ինչքանով էինք պատրաստ:

Ոմանք ասում են՝ քանի որ անկախ պետության գոյության շրջանում եղան սխալներ, թերություններ, դա կապված է նրա հետ, որ անկախությանը պատրաստ չէինք կամ քիչ էինք պատրաստ: Ես նման ուղիղ կապ չեմ տեսնում: Անկախությունը կոնկրետ պետական մարմինների հաջող կամ անհաջող աշխատանքի հետ կապ չունի:

Ո՞րն եք համարում պետականաշինության 25 տարիների ընթացքում թույլ տրված ամենամեծ սխալը:

- Եթե ընդհանրացնենք և բոլոր տարիների պետական համակարգն ընդունենք որպես մեկ երևույթ, ապա ամենամեծ թերությունն այն է, որ Հայաստանում այսօր փոփոխություններ չեն կատարվում ընտրությունների միջոցով: Դա բերում է պետական համակարգի աշխատանքի թուլացման, միջակացման: Երբ ընտրությունների ձևով չկա փոփոխությունների հնարավորություն, գործող իշխանությունը չի ձգտում կատարելության, հնարավորինս ավելի լավը չի անում, այլ բավարարվում է միջակությամբ:

Մենք, օրինակ` արցախյան շարժման ժամանակ կատարյալին ձգտող քայլեր ենք ձեռնարկել, 90-ականներին, երբ ժողովրդավարական մեխանիզմները գործում էին, նույնպես ընդհանուր առմամբ այդպես էինք աշխատում: Բայց 1999-ից հետո աստիճանաբար իշխանական համակարգը սկսեց գործել միջակության մակարդակի վրա: Չփոփոխվող համակարգի սկիզբը դրվեց 1999-ի հոկտեմբերի 27-ից հետո: Մինչ այդ բոլոր գործընթացներն իրականացվում էին ժողովրդավարության շրջանակներում: Օրինակ՝ 1998-ի հրաժարականից ինչ-որ ժամանակ հետո առաջացավ «Միասնություն» մեծ դաշինքը, որը ժողովրդավարական գործընթացի լավագույն արտահայտություն էր: Ըստ էության, նույն կերպ 1990-91-ին ձևավորվել էր Հայոց համազգային շարժման և նախորդ իշխող ուժ կոմունիստների լավագույն մասի չգրված-չստորագրված դաշինքը: Նույնն էր 1996-ի ծանր ընտրությունից հետո: Այդպես էլ պետք է ընթանա լուծման փնտրտուքը, երբ կա անհաջողություն, ճգնաժամ, հասարակական անհամաձայնության լուրջ խնդիր: Իսկ 1999-ի հոկտեմբերի 27-ից հետո նման բան չկա, թեկուզ և կա ձգտումը ժողովրդի մեջ: Ժողովուրդը հույսը չի կորցնում և շարունակում է պայքարել՝ ձգտելով լավին. իհարկե, օրենքի սահմաններում:

1999-ից հետո գործող իշխանությունը սկսեց ընտրությունները կեղծելու եղանակով խուսափել փոփոխություններից, որը ազգային մեծագույն դավաճանություն է և ներելի չէ ոչ մեկին: Նրանցից յուրաքանչյուրը գուցե լավ բան է ուզում, բայց քանի որ չկա հասարակական և քաղաքական վերահսկողություն, ընտրության միջոցով փոփոխվելու վտանգ կամ պրակտիկա, իշխանական համակարգը չի ձգտում անել կատարյալը: Իսկ այդպես հասարակության կենսական ուժերն իրագործվելու հնարավորություն չեն ունենում, ուրիշ երկրները զարգանում են, իսկ մեր հասարակությունը մնում է այդ միջինից ցածր մակարդակի վրա մեն մի պատճառով, որ այդ կենսական ուժերը չեն գործառում իրենց իրական հնարավորությունների չափով:

- Պարոն Հակոբյան, իսկ ո՞րն եք համարում Հայաստանի առջև ծառացած ամենամեծ մարտահրավերը:

- Երևի՝ նույնը: Իհարկե, կարելի է խոսել պատերազմական վիճակի, արտաքին հարաբերությունների, ներքին, տնտեսական խնդիրների մասին, բայց գերխնդիրը ընտրությունների միջոցով փոփոխությունների համակարգի և պրակտիկայի ստեղծումն է: Մեր հասարակության մեծամասնությունը ձգտում է դրան, առայժմ չի հասել: Հավատում եմ, որ հասնելու ենք: Հավատում եմ, որ դա թիվ մեկ խնդիրն է, և պետք է շարունակել այդ ուղղությամբ գնալ չհուսահատվելով:

Ալեքսան Հակոբյան

- Իսկ ինչպիսի՞ն եք տեսնում Հայաստանի ապագան: Ի՞նչ քայլեր են հարկավոր դրան հասնելու համար:

- Հասարակությունները, պետությունները հնարավորություն ունեն նորմալ զարգանալու, եթե այնտեղ գործում է օրենքով սահմանված ձևերով իշխանության փոփոխության հնարավորություն: Օրինակ բերեմ. բոլոր այն դեպքերում, երբ մաքուր ընտրություններով փոփոխությունների ենք հասել, ազգովի հասել ենք նկատելի հաջողությունների, որը բոլոր բջիջներովս զգացել եմ, ընդհուպ՝ պատերազմական հաղթանակի: Որովհետև ժողովուրդն անտեսանելի թելերով, բայց ամբողջ հոգով զգում է վստահելի իշխանության երևույթը: Եթե արդար ընտրությամբ ձևավորվել է իշխանություն, անկախ նրանից՝ իրականում այդ իշխանությունը շատ լավն է, թե քիչ, ժողովրդի, հասարակության, անհատի ստեղծագործ ուժերն աշխատում են: Եթե այսօր ունենք արտագաղթ, դա ուղիղ ձևով կապված է վերջին մի քանի ընտրությունների նկատմամբ ժողովրդի անվստահության հետ:

1999-ին՝ մի քանի անհաջող ընտրություններից հետո, եղավ «Միասնություն» դաշինքի այդ արդար ընտրությունը, և դրանից հետո այնքան ուժեղ էր ժողովրդի հավատն իշխանության նկատմամբ, նույնն է թե՝ սեփական ուժերի նկատմամբ, որ դա անգամ բերեց մի քանի տարվա տնտեսական վերելքի (որն այդ ժամանակվա իշխանության առաջին դեմքը համարում է իր լավ աշխատանքի արդյունքը, բայց այդպես չէ): Անգամ հոկտեմբերի 27-ից հետո այդ լիցքը մի քանի տարի իր դերը կատարեց, որովհետև ժողովուրդը հավատում էր իր վաղվա օրվան, իր նյութական ու հոգևոր ներդրումների արդյունքին:

Մեկ հաջող ընտրությունն արդեն դեր է կատարում, էլ չասեմ մի քանիսի մասին: Ամենապոպուլիստը կարող է գալ իշխանության ազատ ընտրությունների արդյունքում, բայց արդեն հաջորդ ընտրությունն իշխանության է բերելու եղած լավագույնին:

Պետք է համակարգը փոխել: Մի ընտրության ժամանակ չստացվեց, հաջորդ ընտրությանը կստացվի, հաջորդին չստացվեց՝ մյուսի ժամանակ կստացվի, բայց անպայման կստացվի:

2-րդ լուսանկարը` Մեդիամաքսի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: