Հայերեն   English   Русский  

​Կառավարման համակարգի սխալ ընտրությունը հիմք դարձավ, որ սխալ մարդիկ գան իշխանության. Արշակ Սադոյան


  
դիտումներ: 3884

«Անկախությունը կերտողները»շարքի շրջանակներում «Անկախի» հերթական հարցազրույցը «Ղարաբաղ» կոմիտեի չհայտարարված կազմի անդամ, ՀՀ Գերագույն խորհրդի 1-ին գումարման և Ազգային ժողովի 1-3-րդ գումարման պատգամավոր, Հանրային խորհրդի ձեռնարկատիրության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արշակ Սադոյանի հետ է:

- Պարոն Սադոյան, 2016-ին տոնում ենք Հայաստանի երրորդ Հանրապետության անկախության 25-ամյակը: Եթե հետադարձ հայացք ձգեք մեր պետության անցած ուղուն, ի՞նչ ձեռքբերումներ ու բացթողումներ կնշեք:

- Մեծագույն ձեռքբերումը հենց բուն անկախության նվաճումն է: Ժամանակին եղել եմ անկախության հանրաքվեի հանձնաժողովի անդամ և հետևել եմ ընթացքին: Ինձ շատ ուրախացնում է, որ ժողովրդի մեծամասնությունը կողմ էր անկախությանը և դա արտահայտեց հանրաքվեով: Ի տարբերություն Խորհրդային Միության մյուս հանրապետությունների, մենք անկախությունը ձեռք ենք բերել օրինական ճանապարհով` հանրաքվեի միջոցով: Անկախությունը կարևորագույն ատրիբուտ է ցանկացած պետության համար: Սուվերեն պետությունը, առանց անկախության որոշակի երաշխիքների, իրականում ինքնիշխան չէ:

Իրականում անկախությունը խիստ անհրաժեշտ էր, անկախության շնորհիվ է, որ ունեցանք մեր ամենալուրջ վերջին նվաճումը` Արցախի ազատագրումն օտարի լծից:

Բայց անկախությունը, ցավոք սրտի, ճիշտ չօգտագործվեց իշխանությունների կողմից, և հնարավորությունների շրջանակն աստիճանաբար սեղմվեց: Եվ այսպես կարծես մեր խելքից սկսում ենք կորցնել անկախության ընձեռած հնարավորությունները: Այսօր կիսագաղութային վիճակ է ստեղծվել, երբ Ռուսաստանը, օգտվելով իր լայն հնարավորություններից, բացահայտ ներկայացնում է, որ իր համար պատերազմ հրահրելը, զենք վաճառելը բիզնես է: Ցավոք սրտի, ստեղծվել է մի իրավիճակ, երբ մենք, փաստորեն, չունենք էներգետիկ անկախություն, հեռահաղորդակցության անկախություն, մեր օպերատորները հիմնականում ռուսական են:

Բոլոր դեպքերում, ստեղծված իրավիճակում առանձնապես կարևոր է դառնում ճիշտ որոշումներ ընդունելու հնարավորությունը, որովհետև անկախությունն առաջին հերթին ազատ որոշումներ ընդունելու կարողություն է, և ճիշտ որոշումներ ընդունելու հետ է կապված լինելու մեր ապագան:

- Անկախությունը կերտելիս ինչպիսի՞ն էր անկախ Հայաստանի Ձեր տեսլականը:

- Հիմա նույնիսկ մի քիչ դառն է դրա մասին մտածելը: Այն, ինչ պատկերացնում էինք, ու այն, ինչ ստացվեց, սար ու ձորի պես տարբեր են: Մենք պատկերացնում էինք իսկապես որոշումներ ընդունելու իրավունքով անկախ կազմակերպություն, որտեղ որոշումներ ընդունողները մտածում են ընդհանուր շահի, ընդհանուր առաջընթացի մասին: Այդ պարագայում մեր այսօրվա վիճակն առնվազն հնգապատիկ ավելի լավ կլիներ, քան կա իրականում: Մեր մտքով չէր անցնում, որ իշխանության լծակներին կարող են տիրանալ մարդիկ, ովքեր անձնական շահը վեր կդասեն ժողովրդի ընդհանրական շահից և իշխանությունը զավթելուց հետո, օգտվելով որոշումներ ընդունելու իրավունքից, որոշումներ կընդունեն ոչ թե հօգուտ հայ ժողովրդի, այլ կօգնեն իրար՝ միլիարդատեր դառնալու հարցում:

Այս պրոցեսը հանգեցրեց նրան, որ հնարավորությունների տեսանկյունից անկախության զգալի կորուստ ունեցանք:

Ամենակարևոր խնդիրն է` ինչպես անել, որ անկախ պետության մեջ իշխանությունը չբռնազավթեն մարդիկ, ովքեր անձնական շահը վեր են դասում ընդհանրական շահից: Սա ամենակարևորներից մեկն է, ուստի պետք է փորձենք պայմաններ ստեղծել, որ գոնե մի քիչ արդար ընտրություններով իշխանություններ ձևավորվեն:

- Պարոն Սադոյան, իսկ ո՞րն եք համարում պետականաշինության 25 տարիների ընթացքում թույլ տրված ամենամեծ սխալը:

- Կարծում եմ՝ ամենամեծ շեղումը եղավ այն, որ իշխանությունը կենտրոնացվեց մեկ անձի ձեռքում. երևի արդեն 1991 թվականից: Հայոց համազգային շարժման ներկայացուցիչներից մի քանի հոգի, ելնելով Լևոն Տեր-Պետրոսյանի անձնական ամբիցիաներից, որոշեցին` արժե, որ Հայաստանը նախագահական պետություն լինի, ունենա նախագահ, որի ձեռքում կենտրոնացվի ամբողջ իշխանությունը:

Երբ ընդունվեց օրենքը նախագահի մասին և հետագայում էլ ամրապնդվեց սահմանադրությամբ, Հայաստանում ստեղծվեց մի իրավիճակ, երբ այդ ժամանակ նախագահ դառնալու հնարավորություն ունեցող, հետագայում իշխանությունը բռնազավթած և իր ձեռքում պահող իշխանավորը հավաքեց իր նմանների թիմ, ձևավորեց անձնական շահով հետաքրքրվող իշխանավորների խումբ, որը մեր հնարավորությունների գահավիժման բուն պատճառը դարձավ:

Մեր ամենալուրջ խնդիրը կառավարման սխալ համակարգի ընտրությունն էր, այդ սխալ ընտրությունը հիմք դարձավ, որ սխալ մարդիկ գան իշխանության, և գալով իշխանության, մտցնելով ընտրակեղծիքների մեխանիզմ՝ անընդհատ կարողացան իրենց ձեռքում պահել իշխանությունը` պալատական ինտրիգներով մեկը մյուսին փոխանցելով: Ստացվեց, որ անկախ պետության ղեկավարներն ավելի շատ ծառայում են օտարին, քան իրենց ժողովրդին, քանի որ դա է իրենց գրպանին օգուտ:

Ալբերտ Բաղդասարյան

- Անկախության տարիների թերացումները գնահատելիս երբեմն ասվում է, որ 1991-ին հայությունը պատրաստ չէր անկախությանը:

- Որոշ ճշմարտություն կա այդ ասածի մեջ: Անկախությանը պատրաստ լինելը և անկախ պետություն ստեղծելը պահանջում են որոշակի դեմոկրատական սովորույթներ: Հայ ժողովուրդը 70 տարի սովետական կարգերի մաս էր կազմել, որտեղ ընտրություններն ուղղակի ծիծաղելի ֆարս էին: Ոչ դեմոկրատական հասարակությունից միանգամից թռիչքային անցում կատարելը դեմոկրատական կարգերին, բնական է, մեծ դժվարություններ կառաջացնի: Մենք լավ չէինք պատկերացնում՝ ինչ բան է պետությունը, որովհետև պետություն ասվածը կոմունիստական կուսակցության ներկայացուցիչների գործն էր:

Բայց սովետական մյուս հանրապետությունների համեմատ՝ մենք ավելի պատրաստ էինք: 88-ին մեկնարկած ղարաբաղյան շարժման տարիներին կարծես երկիշխանություն կար: Ուրիշ հանրապետություններում իրավիճակն ավելի բարդ էր: Վիճակն ավելի լավ էր միայն Մերձբալթյան երկրներում: Դա էլ այն պատճառով, որ այդ երկրներն ավելի կարճ էին սովետական մահակի տակ եղել և դեռ չէին հասցրել մոռանալ եվրոպական արժեքները:

Փառք Աստծո, մեր շատ-շատ գործիչներ երկարատև ղարաբաղյան շարժման ժամանակ կարողացան պատկերացնել, թե ինչ բան է պետությունը և պետություն կառավարելը: Բայց մի բան է 10-20 մարդը, որ աշխատանքի բերումով ստիպված է ինքնակատարելագործվել, այլ բան է ժողովուրդը, որն ամենաշատը սովորել էր հանրահավաքների գալ և զանգվածային կերպով բողոք արտահայտել: Թե ինչ բան է ընտրությունը, հաշվետվություն պահանջելը, հետևելը, որ իր կողմից ընտրվածը չշեղվի նորմալ ուղուց, այդ գիտակցությունը և մշակույթը չկար: Եվ ահա, այդ մարդիկ, օգտվելով այն հանգամանքից, որ ժողովուրդը չի պատկերացնում՝ ինչ բան է պահանջել, որ ծառայեն հանրային շահին, իշխանությունը ծառայեցրին անձնական շահին: Հետաքրքիր է, որ իշխանությունը բռնազավթածները կամ զարտուղի ճանապարհներով տիրացածները կարծես ավելի պատրաստ էին, քան մենք: Փաստորեն, մեզ մոտ ստեղծվեց նոմենկլատուրային, ոչ թե սովորական կապիտալիզմ:

- Պարոն Սադոյան, ո՞րն եք համարում ներկայումս Հայաստանի Հանրապետության առջև ծառացած ամենամեծ մարտահրավերը:

- Կարևորում եմ պայքարը կորցրած հնարավորությունները վերադարձնելու համար. էներգետիկ անկախություն, ռազմական և այլ ոլորտներում կախվածության թուլացում: Բայց ամենամեծ խնդիրը հետևյալն է. այսօր Հայաստանում ապրում է ընդամենը 2.8 մլն մարդ, իսկ աշխարհում՝ 10 մլն-ից ավելի: Այս պայմաններում հարց է ծագում` Հայաստանը բոլո՞ր հայերի հայրենիքն է, հայ ժողովուրդը որպես ազգ ամբողջությո՞ւն է աշխարհում, թե՞ մեռնող ազգ է, որի արտագաղթած մասն աստիճանաբար ասիմիլացվում է:

Բնական է՝ խնդիր է ծագում աշխարհով մեկ ձևավորել կառույցների մի այնպիսի համակարգ, անձ-կազմակերպություն տիպի միավորում, որը հնարավորություն կտա, որ աշխարհի բոլոր հայերը կամ այն մասը, որ դեռ չի ասիմիլացվել և գիտակցում է իր ազգային պատկանելությունը, իրար օգնելով ընդհանուր զարգացման և առաջխաղացման հնարավորություն ստեղծի: Ժամանակն է, որ ստեղծվի համազգային կառույցների ամբողջական գործուն համակարգ: Որոշ բաներ որոշ ավանդական կուսակցություններ կամ ուժեր ստեղծել են, բայց այդ ամենը չի եղել այն մակարդակով, ինչ հնարավոր է սուվերեն պետության հնարավորություններն օգտագործելով: Առաջին խնդիրն է օգտագործել Հայաստանի անկախությունը` ստեղծելու աշխարհով մեկ համազգային գործող կառույցներ, նպատակային գործունեության սուբյեկտ կառույցներ, որոնք նպատակ, խնդիր են դնում ու հետևողականորեն իրականացնում: Սա պետության նման մի բան է, որի քաղաքացիները տարբեր երկրներում են բնակվում, բայց որի մայրաքաղաք-պետությունը Հայաստանի Հանրապետությունն է: Այս խնդիրն է առաջնայինը, որը պետք է լուծել: Եթե կարողանանք, շարունակությունն ավելի հեշտ կլինի, Հայաստանում էլ որոշակի քաղաքական տեղաշարժեր կլինեն:

- Իսկ ինչպիսի՞ն եք տեսնում Հայաստանի ապագան: Ի՞նչ քայլեր են պետք դրան հասնելու համար:

- Շատերը խոսում են բախտից, ճակատագրից: Նման խոսակցությունների ժամանակ ես ասում եմ՝ Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով, ստեղծեց ազատ կամքով և ասաց` գնա որոշիր` ուզում ես հավե՞րժ ապրել, թե՞ խնձոր ուտել: Աշխարհը ստեղծվեց ազատ կամքով մարդկանցով: Ազատ կամքով մարդն ինքն է որոշում իր ճակատագիրը:

Ի՞նչ կլինի հայ ժողովրդի ճակատագիրը, կկարողանա՞ որպես առանձին մարդ իր առջև նպատակներ ու խնդիրներ դնել, դառնալ, այսպես ասած, գիտակից, դարերի մեջ ապրող ամբողջություն, ազգ-կազմակերպություն, որը նպատակային գործունեության ունակ լինի: Դրանից է կախված, թե ինչի կարող ենք հասնել և ինչի՝ ոչ:

Եթե ունենանք համազգային կառույցների գործող համակարգ իր մայրաքաղաք Հայաստան պետությունով, համակարգ, որը կարողանա 10 մլն հայության համար դնել նպատակներ ու խնդիրներ և փորձել այդ նպատակները աշխարհով մեկ իրականացնել, ապա մեր ազգին մեծ ապագա է սպասում: Բայց եթե չկարողանանք դա անել, ապա հավանաբար նույնիսկ կամաց-կամաց վերանանք:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: