Հայերեն   English   Русский  

​ԱՅՆԹԱՊԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ


  
դիտումներ: 2288

1915-1922 թթ. Հայոց ցեղասպանությունը հայության խարանն է: Մի քանի տարվա ընթացքում հայությունը կորցրեց իր պատմական հայրենիքն ու շուրջ 1,5 միլիոն մարդկային կորուստ ունեցավ: Անկախ նրանից, թե ինչ մեթոդներ կիրառեցին երիտթուրքերը ցեղասպանության իրագործման ժամանակ, հայությունն արժանապատիվ դիմադրություն չցուցաբերեց ոսոխին: Շուրջ կես միլիոն քկմ ընդգրկող մեր պատմական հայրենիքում սոսկ մի քանի բնակավայրեր ապստամբեցին թուրքերի դեմ:

Մինչդեռ անցյալ դարասկզբին Հայկական բարձրավանդակի բնակչության մոտ 70 տոկոսը հայաբնակ էր, և եթե հայությունը կամք ու ինքնակազմակերպման որակներ ցուցաբերեր, Օսմանյան Թուրքիան ոչ միայն չէր կարող իր դիվային ծրագիրը կյանքի կոչել, այլև այսօր մեծ ու հզոր պետություն կունենայինք:

Երիտթուրքերի ծրագրերի դեմ ապստամբած փոքրաթիվ բնակավայրերից էր նաև Այնթապը:

Այնթապը ներկայումս կոչվում է Գազիանթեպ: Իր գրեթե մեկ միլիոն բնակչությամբ մեծությամբ Թուրքիայի Հանրապետության վեցերորդ քաղաքն է այժմ: Գազիանթեպ թուրքերեն նշանակում է Քաջ Այնթապ: Ի նշանավորումն 1921 թ. ֆրանսիական բանակի դեմ Այնթապի թուրքերի մղած պայքարի՝ Թուրքիայի Մեծ ազգային ժողովը քաղաքը 1928 թ. այդպես է անվանակոչել:

Այնթապը գեղեցիկ քաղաք է, գտնվում է Կիլիկիո սահմանագլխին, Եփրատի վտակ Սաջուր գետի ափին:

Պատմական գրականության մեջ Այնթապը՝ որպես բերդաքաղաք, հիշատակվում է X դարից: Այն նախ մտել է Գող Վասիլ Կամսարականի, ապա Եդեսիայի խաչակիր իշխանության կազմի մեջ: XIII դարում Կիլիկիո հայոց արքաները փորձեր ձեռնարկեցին գրավելու Այնթապն ու միացնելու Կիլիկիայի հայոց թագավորությանը, սակայն հաջողության չհասան: XIV դարում քաղաքը գրավեցին եգիպտական մամլուքները, քիչ անց՝ Լենկ-Թեմուրի զորքերը: Իսկ XVI դարի սկզբից այն վերջնականապես գրավեցին օսմանյան թուրքերը:

1915 թ. Այնթապն ուներ շուրջ 50 հազար բնակիչ, հայերը (շուրջ 20 հազար) մեծամասնություն էին կազմում: Մնացյալը թուրքեր, քրդեր և արաբներ էին: Քաղաքում կային 6 հայկական եկեղեցի, 18 հայկական դպրոց, ամերիկյան միսիոներների հիմնած օրիորդաց վարժարան, որի սաների հիմնական մասը հայուհիներ էին, ճեմարան: Այնթապում նաև «Մենտոր» հայատառ թուրքերեն թերթն էր հրատարակվում: Պետք է նշել, սակայն, որ Այնթապի հայության կեսը թրքախոս էր:

Այնթապի ողջ տնտեսությունը հայերի ձեռքում էր: Հայերը հաջողակ էին առևտրում, երկրագործության մեջ և բարեկարգ տներում էին բնակվում: Թուրքական տարրը հիմնականում հոտաղությամբ էր զբաղվում:

Դեռևս 1895 թ. Այնթապում մեծ լարվածություն առաջացավ հայերի և թուրքերի միջև, բայց բախումը հաջողվեց կասեցնել: Սակայն դա ազդակ էր, որ քաղաքի հայությունը զինվի: Հենց այնթապահայերի զինված լինելը փրկեց նրանց 1900-ական թթ. կոտորածից, երբ Ադանայում տասնյակ հազարավոր հայեր զոհ գնացին թուրքական յաթաղանին:

1915 թ. եղեռնի օրերին, չնայած տեղի հայության շրջանում մարտական ոգու և զենքի առկայությանը, այնթապահայությունը չդիմադրեց թուրքերին: Կիլիկիահայության դիմադրությունն այդ օրերին կազմալուծվեց Կիլիկիո Սահակ կաթողիկոսի դավաճան կեցվածքի պատճառով:

Քանի որ Այնթապը յուրահատուկ ճամփաբաժան էր Մարաշից դեպի Դեր Զոր տանող ճանապարհին, Կիլիկիայի հայաբնակ բնակավայրերից բոլոր քարավաններն անցնում էին հենց Այնթապի միջով: Եվ այնթապահայերը 1915 թ. մայիսից ականատեսն էին դեպի մահ գնացող առաջին քարավաններին: Սակայն, ցավոք, դրանից այնթապահայերը դաս չքաղեցին:

Բուն Այնթապում տեղահանությունն ավելի ուշ սկսվեց: Այնթապի կառավարիչ Շյուքրու բեյը և ռազմական հրամանատար Հիլմի բեյը մինչև վերջ ընդդիմացան Այնթապի հայաթափմանը: Բայց ընկրկեցին երիտթուրքերի կառավարության կոշտ դիրքորոշման առաջ: Իսկ բուն Այնթապում երիտթուրքական կուսակցության ներկայացուցիչներ Ալի Ջենանի և Ֆադըլ բեյերը շարունակ գրգռում էին թուրքերին հայերին կոտորելու կոչերով:

Նրանք Ստամբուլ հեռագրեր են ուղարկում և կառավարությանը հայտնում, թե հայերը նախապատրաստվում են հարձակվել տեղի մզկիթների վրա, ուզում են սպանել թուրքերին, վառել ու ավերել թուրքերի տները, թալանել ինչքը: Թուրքիայի ռազմածովային ուժերի նախարար Ջեմալ փաշան իր տեղակալ Ֆեհրի փաշային ուղարկում է Այնթափ՝ տեղում իրավիճակը քննելու համար։ Ֆեհրի փաշան իր զեկուցագրում հերքում է այդ հերյուրանքները:

1915 թ. հուլիսի վերջին «Միություն և առաջադիմություն» կուսակցության պատասխանատու քարտուղար Ջեմալ բեյը Այնթափ է գալիս։ Նրա նպատակը տեղի թուրքերի միջոցով կառավարությանը համոզելն էր, որ աքսորեն այնթապահայությանը: Տասնյակ հեռագրեր են ուղղվում դեպ Ստամբուլ: Ի վերջո, կառավարությունը որոշում է կազմակերպել այնթապահայության տեղահանությունը: Իմանալով այդ մասին՝ Շյուքրու բեյը և Հիլմի բեյը հրաժարական են ներկայացնում: Շյուքրու բեյին փոխարինում է Ահմեդ բեյը և իրականացնում հայերի տեղահանությունը:

1915 թ. օգոստոսի 1-13-ը այնթապահայերի վեց քարավաններ բռնում են Դեր Զորի ճամփան: Հայերի հեռանալուց անմիջապես հետո սկսվում է թալանը:

1918 թ. հոկտեմբերի 30-ին կնքված Մուդրուսի զինադադարով Թուրքիան իրեն պարտված ճանաչեց պատերազմում: Դա առիթ դարձավ, որ Ցեղասպանությունը վերապրած շատ այնթապցիներ վերադառնան բնօրրան ու նոր կյանք կառուցեն: Քաղաքում հաստատվեցին 10 հազար այնթապցիներ և 8 հազար սեբաստացիներ:

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանսիան, ձգտելով տեր կանգնել թուրքական ժառանգությանը, զորքեր մտցրեց Կիլիկիա, և Այնթապն անցավ ֆրանսիական տիրակալության տակ: Թվում էր՝ դա հայության կյանքի և ինչքի ապահովության երաշխիք կարող է լինել: Սակայն Թուրքիան անձնատուր չեղավ: Ասպարեզում հայտնվեց թուրքական ազգայնականությունը՝ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի գլխավորությամբ: Վերջինս, իր շուրջը համախմբելով թուրքական բանակի մնացորդներն ու ազգայնական ոգով տոգորված թուրք գործիչներին, նպատակ էր դրել Թուրքիան ազատել օտար բանակներից և ստեղծել մեծ, ամուր պետություն:

1919 թ. աշնանից Այնթապում դարձյալ սրվեց իրավիճակը: Քաղաքում հաստատված ֆրանսիական բանակն ու հրամանատարությունը երկդիմի քաղաքականություն էին վարում:

Հաշվի առնելով նախորդ դառը փորձը՝ հայությունը սկսեց զինվել: Զենքի կոչվեցին տղամարդիկ: Զինված խմբերում ընդգրկվեցին նաև երիտասարդ աղջիկներ ու կանայք: Ընդհանուր առմամբ զենքի կոչվեց 750 հոգի: Հայերը քաղաքը բաժանեցին պաշտպանական 11 շրջանների: Ստեղծվեցին զինվորական, պարենավորման, դատական հանձնախմբեր: Առանձին մարդիկ զինագործությամբ էին զբաղվում. հնամաշ, գործածությունից դուրս եկած հրացաններն էին վերանորոգում, ռումբեր պատրաստում: Հայերին հաջողվեց անգամ վերանորոգել լքված ու գործածությունից դուրս եկած մի հին թնդանոթ ու օգտագործել մարտերի ընթացքում:

Այնթապում հայության ինքնապաշտպանության կազմակերպման համար ձևավորվել էր հատուկ կոմիտե Արթուր Լևոնյանի և Ավետիս Գալեմքարյանի ղեկավարությամբ: Ինքնապաշտպանական կռիվների ակտիվ կազմակերպիչներից մեկը ծխական քահանա Ներսես Թավուգճյանն էր: Ինքնապաշտպանության առաջնորդներն իսկապես հանդես բերեցին աննկուն կամք և գիտելիքներ՝ փոքրաթիվ ուժերով հակահարված տալով թուրքերին:

1920 թ. մարտի վերջին թուրքական զորքերն արշավեցին Այնթապի վրա: Այնթապի ինքնապաշտպանությունն ամենատևականը դարձավ 1915-1921 թթ. հայ-թուրքական բախումներում: Շուրջ 314 օր՝ 1920 թ. ապրիլի 1-ից մինչ 1921 թ. փետրվարի 8-ը քաղաքի հայությունը հերոսական դիմադրություն ցույց տվեց թուրքերին:

Կռիվը կատաղի էր: Հայերը կարողացան բոլոր ճակատներում հերոսաբար դիմադրել և հաղթանակներ տոնել: Թուրքերը, հազարավոր զոհեր տալով, նահանջում էին, վերախմբավորում ուժերն ու կրկին դիմում հարձակման:

Հայերը պաշտպանվում էին հմտորեն՝ ամրոցի վերածելով յուրաքանչյուր շենք, եկեղեցի ու մզկիթ:

Այնթապի ապստամբությունն աշխարհի հայության ուշադրության կենտրոնում էր: Շատերը նյութական մեծ միջոցներ զոհաբերեցին այնթապահայության կարիքները հոգալու համար: Հատկապես՝ եգիպտահայությունը, որ դրամով ու սնունդով ժամանակին օգնության հասավ պաշարված հայությանը: Մեծ օգնություն ցուցաբերեց նաև Հայ բարեգործական ընդհանուր միությունը: Այդ օգնությունը փրկեց մարտնչող այնթապահայերին սովամահությունից:

Ամեն դեպքում, ուժերն անհավասար էին, և այնթապահայերը ստիպված էին լքել իրենց հայրենիքը: Հեռանալով Կիլիկիայից՝ նրանք ցրվեցին ողջ աշխարհում: Նրանց մի մասը հետագայում՝ հայրենադարձության տարիներին, հաստատվեց Խորհրդային Հայաստանի տարածքում: Մասիսի տարածաշրջանի (Արարատի մարզ) Թազագյուղ գյուղը վերանվանվեց Այնթապ:

Մարտնչող այնթապցիներն ստեղծեցին իրենց քայլերգը, որի հեղինակը Հարություն Աղայանն էր:

- Հեռու կեցէ՛ք, դուք վախկոտներ,

Մենք նոր սերունդ նոր Հայկեան.

Մկրտուած ենք հայ արիւնով

Դիւցազներուն, որ ինկան:

Ձայնը ահեղ մեր ռումբերուն

Ի զէն հայեր կը գոռան.

Նահատակաց թարմ դիակներ

Հողին տակէն կը խայտան:

Ա՛խ, հայրենիք, դու Կիլիկիա,

Սրբէ՛ արցունքդ ալ յետին,

Զի քու սիրոյդ տառապանքիդ

Ապրիլ գիտցաւ այնթապցին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: