Հայերեն   English   Русский  

​Անցած 25 տարիները կորցրած հնարավորությունների տարիներ էին. Ավետիք Իշխանյան


  
դիտումներ: 3367

ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Անկախությունը կերտողները» շարքի հերթական զրուցակիցը «Ղարաբաղ» կոմիտեի չհայտարարված կազմի անդամ, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն է:

- Պարոն Իշխանյան, այս տարի նշում ենք Հայաստանի երրորդ Հանրապետության անկախության 25-ամյակը: Երբ հետադարձ հայացք եք ձգում մեր պետության անցած ուղուն, ի՞նչ ձեռքբերումներ և բացթողումներ եք տեսնում:

- Նախ՝ իմ պատկերացումները ներկայացնեմ անկախության մասին: Խորհրդային տարիներին, երբ սկսեցի երազել անկախության մասին, չէի պատկերացնում, որ անձամբ կտեսնեմ Հայաստանի անկախությունը, դա ինձ համար երազանք էր, ինչպես Խենթի երազը: Ես մտածում էի, որ սերնդեսերունդ պիտի պատրաստվենք. մի օր Խորհրդային Միությունը փլուզվելու է, և մենք պետք է պատրաստ լինենք անկախությանը: Անկախության մասին երազողները չնչին տոկոս էին կազմում, մեծ մասի համար Խորհրդային Միությունը գեղեցիկ ակվարիում էր, որտեղ իրենց պահում էին ձկնիկների պես, և բավականին երջանիկ էին զգում: Խորհրդային քարոզչությունը տարիներ շարունակ սերմանել էր, որ առանց Ռուսաստանի չենք կարող ապրել: Բայց ես ռոմանտիկորեն մտածում էի, որ Խորհրդային Միությունը խոչընդոտում է մեր զարգացումը, մենք ձեռներեց, խելոք ժողովուրդ ենք, և երբ Հայաստանն անկախ լինի՝ կդառնանք աշխարհի ամենազարգացած երկրներից մեկը:

Այժմ անկախության օրը նշում ենք սեպտեմբերի 21-ին, բայց անկախությունն իրականում եղավ Բելովեժյան համաձայնագրի շնորհիվ, դեկտեմբերի 8-ին, որովհետև որևէ պետություն չէր ճանաչել Հայաստանի անկախությունը հանրաքվեի արդյունքներով: Իրականում հանրաքվեն ժեստ էր, բայց դեռ անկախությունը չէր:

Ամեն դեպքում, անկախություն ստացանք բավական դժվարին պայմաններում, Ղարաբաղյան հակամարտությունն արդեն վերածվել էր լուրջ պատերազմի, շրջափակման մեջ էինք: Ցավոք սրտի, այս ամենն օգտագործվեց իշխանությունների կողմից որպես զարգացումը խոչընդոտող պատրվակ, մինչդեռ կարող էր լինել զարգացման խթան: Իհարկե, էներգետիկ ճգնաժամն ինչ-որ չափով կարող էր խանգարել զարգացմանը, բայց ես հիշում եմ՝ այդ տարիները հույսի տարիներ էին, երբ ժողովուրդն առանձնապես հուսահատված չէր: Ավելի շատ սկսում էր հուսահատություն առաջանալ անպատժելիության մթնոլորտից, անարդարությունից, որը քանի գնաց՝ խորացավ, և կնիքը դրվեց 1995 թվականի ընտրությունների ժամանակ:

1995 թիվը եղավ շրջադարձային: Մինչ այդ կարող էինք ասել, որ անփորձ իշխանություններ էին, նոր եկած և կարող էին նաև կոպիտ սխալներ գործել, ու այդ ամենը գուցե և ներելի լիներ: Բայց ոչ 1995 թվականի և հետագայում նաև 1996 թվականի ընտրությունների կեղծումը կոպիտ ձևով, միայն իշխանության մնալու համար:

1995 թ. խորհրդարանական ընտրությունները ժողովրդավարության առաջին քննությունն էին ՀՀ իշխանությունների համար, որը նա չբռնեց, իսկ սահմանադրությամբ ամրապնդվեց միապետական համակարգը, որը միջնադարյան կառավարման համակարգ է, երբ չկա իշխանության տարանջատում, չկա անկախ դատական իշխանություն:

Այդ սահմանադրությամբ կողպեք դրվեց Հայաստանի՝ որպես ժողովրդավարական, իրավական պետության զարգացմանը: Փաստորեն, այսօր ունենք մի իրավիճակ, երբ, ցավոք սրտի, մեր հանրությունը հպարտ չէ ՀՀ քաղաքացի լինելու համար, երբ շատերի երազանքը Հայաստանից հեռանալն է, ստեղծվել է մի իրավիճակ, երբ մարդկանց հիմնական նպատակը նյութապաշտությունն է: Նորից արդիական է դարձել պետություն չունեցած ժամանակ առաջացած «Որտեղ հաց, այնտեղ կաց» ասացվածքը:

Եթե ամփոփենք, անցած 25 տարիները՝ կորցրած հնարավորությունների տարիներ էին:

Անկախության ձեռքբերումների մասին. իհարկե, խորհրդանշական, բայց մեծ ձեռքբերում է այն, որ Հայաստանի դրոշը ծածանվում է ՄԱԿ-ի առջև մյուս շուրջ 200 անկախ պետությունների դրոշների կողքին, որ Եվրոպայի խորհրդի դիմաց ևս ծածանվում է ՀՀ դրոշը:

Մյուս ձեռքբերումը կայացած կառույցներն են, օրինակ` բանակը: Հատկապես մեր տարածաշրջանում պետության անվտանգության կարևորագույն ատրիբուտներից մեկը բանակն է:

Ձեռքբերումներից են, ի վերջո, արցախյան հաջողությունները: Եթե Միությունը չփլուզվեր, այդ շարժումը հեռանկար չէր ունենա, խիստ ձևով կճնշվեր, և այդ պարագայում չի բացառվում, որ Արցախում այլևս հայ չմնար, ինչպես Նախիջևանում:

Մյուս կարևոր ձեռքբերումը. Հայաստանում Խորհրդային Միության վերջին տարիներին ուծացումն ահագնացել էր, ամեն տարի հայկական դպրոցներ էին փակվում, ու տեղը ռուսականներ էին բացվում: Հաշվարկ կար, որ այդպես շարունակվելու դեպքում այլևս հայկական դպրոց կմնար մի քանի գյուղերում: Կարողացանք հաղթահարել դա: «Մաշտոց» միավորման շնորհիվ հրամանագիր ստորագրվեց, որով հայ երեխաները միայն հայկական դպրոց պիտի գնան: Իհարկե, դա այն ժամանակ էլ, այժմ էլ հայ քաղքենիների կողմից խախտվում է, բայց հիմնականում միտումը փոխվեց:

- Իսկ անկախությունը կերտելիս ինչպիսի՞ն էր անկախ Հայաստանի Ձեր տեսլականը:

- Ես պատկերացնում էի մի ոգևորության երկիր, որտեղ արդեն զարգացման խոչընդոտներ չկան, որը հաջողություններ է ունենում տարբեր բնագավառներում, այդ թվում և գիտության, մշակույթի, տնտեսության , և տարածաշրջանում դառնում է դոմինանտ երկրներից մեկը, նրա հետ հաշվի են նստում:

Ես պատկերացնում էի` Հայաստանը այնպիսի երկիր կդառնա, որ նրա քաղաքացիները հպարտ կլինեն, որ կլինի ներգաղթ, Սփյուռքից մեր հայրենակիցները կգան Հայաստան ու իրենց հերթին կծաղկեցնեն հայրենիքը: Պատկերացնում էի, որ անկախության հռչակումից 5-6 տարի հետո Հայաստանի բնակչությունը շուրջ 6-7 մլն կդառնա: Բայց…

- Երբեմն անկախության տարիների բացթողումները վերլուծելիս ասվում է, որ հայությունը 1991-ին պատրաստ չէր անկախությանը: Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքն այս առումով:

- Ես էլ եմ կարծում, որ մենք պատրաստ չէինք անկախությանը: Իսկ ե՞րբ պատրաստ կլինեինք: Որքան երկար էինք մնում Միության կազմում, այնքան ավելի քիչ պատրաստ կարող էինք լինել, և մի պահ կգար, որ էլ հայեր չէին լինի, այս տարածքում կապրեին սևամազ, թուխ մաշկով ռուսներ:

Մենք պատրաստ չէինք նաև 1918 թվականին, եթե այդպես նայենք: Մենք 1991 թվականին ավելի պատրաստ էինք, ունեինք թեկուզ կիսանկախ, բայց պետական կառույցներ, մինչդեռ 1918-ին դա էլ չունեինք: Հոգեբանորեն միշտ էլ կարելի է ասել` պատրաստ չէինք, բայց ի՞նչ է դա նշանակում: Պետք է սպասեի՞նք մինչև պատրաստ լինեինք: Իսկ ո՞վ էր պատրաստողը: Ինչքան երկար ես գաղութացված վիճակում, այնքան քիչ պատրաստ կլինես անկախությանը: Ուստի որևէ քննություն չի բռնում այդ մոտեցումը, որ պատրաստ չէինք: Ուրեմն պետք չէր:

Աշխարհի բոլոր ժողովուրդների, այդ թվում և հայ ժողովրդի համար իշխանությունները, առաջնորդներն են, որ օրինակ են ծառայում իրենց վարքուբարքով և կարող են առաջնորդել դեպի նվաճումներ կամ դեպի նահանջ: Մեր վերնախավը, համենայն դեպս իր խոսքերով, կարծես պատրաստ էր և կարող էր առաջնորդել ժողովրդին:

- Իսկ ո՞րն եք համարում պետականաշինության ընթացքում թույլ տրված ամենամեծ սխալը:

- Իշխանության գայթակղությունը: Երբ հանկարծ հսկայական իշխանություն է գալիս ձեռքդ, և նախկին նոմենկլատուրային աշխատակիցները սկսում են քեզ քծնել, քո զինակիցները, որոնց հետ ընկեր էիր, սկսում են հաճոյանալ, սկսում ես քեզ զգալ ամեն ինչի գիտակ, անփոխարինելի և մտածել այդ իշխանությունը պահելու մասին: Իշխանությունը պահելու համար սկսում ես հակասության գալ ազգային շահերի հետ, երբ սկսում ես մտածել` գուցե Արցախը խոչընդոտում է իմ իշխանությունը պահելուն, Արցախը զիջեմ, որ իշխանության մնամ, այսինչ ընդդիմությունը մեկ էլ տեսար ընտրության ժամանակ ինձ հաղթի, ուրեմն այս ընդդիմությանը մինչ ընտրությունը պետք է ջախջախել, ընտրությունները կեղծել: Այստեղ է, որ քննություն չբռնեցին մեր շարժման որոշ առաջնորդներ:

Որպեսզի այդպես չլիներ, պետք է լիներ շատ ուժեղ նպատակ և նվիրում, ինչպիսին 18 թվականին Արամ Մանուկյանն էր, որը ստեղծեց պետություն, բայց չձգտեց լինել առաջին դեմքը: Կա՛մ պետք է լինեին նվիրյալներ, կա՛մ պետք է լիներ ավանդույթ, որը մենք չունեինք:

Մերձբալթյան երկրներում իրավիճակն այլ ընթացք ունեցավ, քանի որ, իմ կարծիքով, կար պետականության հիշողություն, ավանդույթ, և եթե իշխանությունները շեղվեին, հասարակությունը թույլ չէր տա:

Խորհրդային տարիներին Մերձբալթյան երկրները և մասամբ նաև Վրաստանը համարում էին, որ իրենք օկուպացված են, ոչ թե երջանիկ ապրում են Խորհրդային Միությունում:

- Պարոն Իշխանյան, ո՞րն եք համարում ներկայումս մեր երկրի առջև ծառացած ամենամեծ մարտահրավերը:

- Ի վերջո, կարելի է մտածել, որ գուցե ժամանակի ընթացքում Հայաստանը կդառնա ավելի քաղաքակիրթ երկիր: Բայց մենք ապրում ենք բարդ տարածաշրջանում և ունենք Արցախի խնդիր: Այս տեսանկյունից թե դիտարկենք, Արցախը մեր ապագան է: Արցախը պահելու համար Հայաստանը պետք է ուժեղ պետություն լինի, իսկ դրա համար ղեկավարությունը չպետք է մտածի միայն իշխանություն պահելու մասին, ժողովուրդն էլ չպետք է հայհոյի իր անկախությունը և մտածի հեռանալու մասին: Պետք է իշխանությունները գիտակցեն սա և միայն իրենց հարստության և իշխանության մասին չմտածեն, հասկանան, որ Հայաստանի ապագան ՀՀ քաղաքացիների արժանապատվության պաշտպանությունն է և տնտեսության զարգացումը: Եթե շարունակեն մտածել միայն իշխանության մասին, այս անպատժելիության, հուսահատության մթնոլորտը մնա, հասարակությունը, հիասթափվելով իր անկախությունից, հեռանա, այս պարագայում Հայաստանը (ներառյալ Արցախը) ապագա չունի: Այստեղ համար մեկ խնդիրն է, որ իշխանությունները գիտակցեն իրենց պատասխանատվությունը Հայաստանի ապագայի հանդեպ, ժողովուրդն էլ իր հերթին քննադատի իշխանություններին, փորձի փոխել, բայց երբեք չհայհոյի իր անկախությունը և ապագան: Ինչքան էլ Հայաստանի ժողովուրդը դժգոհ լինի իշխանություններից, իր համար անկախությունը պետք է լինի անքննելի: Կարող ես մեղադրել քո իշխանությանը, բայց ոչ երբեք անկախությունը: Փորձիր քո անկախությունը դարձնել այնպիսին, ինչպիսին երազում ես:

Մի կարևոր հարց էլ կա. նույնիսկ Թումանյանն է Իսահակյանին ուղղված նամակում գրել, որ մենք մեր պատմության ընթացքում այդպես էլ որև մեկին պատասխանատվության չենք ենթարկել իր արարքների համար: Չեմ ասում՝ մահապատժի ենթարկենք, բայց գոնե օբյեկտիվ ներկայացնենք նրանց սխալները: Մինչև հիմա հայ եկեղեցու սրբերից է Պետրոս Գետադարձը, որը ծախեց Հայաստանի անկախությունը, մինչև հիմա դասագրքային հերոսներ կան, որոնք նպաստեցին 1920-ին Հայաստանի անկախության կորստին: Մենք քաղաքական գնահատական չտվեցինք 20-ական, 30-ական թվականների բանսարկուներին և մատնիչներին, դեռևս նրանց անուններով փողոցներ և դպրոցներ կան: Եթե ժամանակին գոնե քաղաքական պատասխանատվության հարց բարձրացված լիներ, այժմ իշխանությունները գուցե ավելի սթափ կլինեին: Բայց այս 25 տարիների ընթացքում բազմաթիվ, մեղմ ասած, կոպիտ բացթողումների համար որևէ մեկը պատասխանատվության չենթարկվեց: Նորից եմ ասում՝ քրեականի մասին չէ խոսքը, այլ քաղաքական պատասխանատվության: Գուցե այդ վատ ավանդույթն է նաև պատճառը, որ այսօրվա իշխանություններն իրենց անպատասխանատու են պահում Հայաստանի ապագայի հանդեպ:

- Ինչպիսի՞ն եք տեսնում Հայաստանի ապագան: Ի՞նչ քայլեր են հարկավոր դրան հասնելու համար:

- Կասեմ գուցե ծեծված, պարզունակ միտք, բայց ես դրան եմ հավատում. ես հույս ունեմ, որ նոր, երիտասարդ սերունդը ձերբազատված կլինի այդ նախկին կապանքներից, արժանապատվության հարց կբարձրացնի և գուցե այդ արժեքներով կփորձի փոխել իրավիճակը: Հույսս այս նոր սերունդն է: Անկախ նրանից, թե ինչ քննադատություններ եղան, իմ ամենամեծ ոգևորությունը նախորդ տարվա «Էլեկտրիկ Երևան» շարժումն էր: Շատ կուզենայի, որ երիտասարդությունը չհիասթափվեր իր երկրից, այլ փորձեր փոխել երկիրն ըստ իր պատկերացումների:

Հ.Գ. Պայմանավորված Ադրբեջանի կողմից նախաձեռնած ռազմական գործողություններից հետո ստեղծված իրավիճակով` անհրաժեշտություն է առաջացել, որպեսզի «Անկախությունը կերտողները» շարքի զրուցակիցները գնահատական տան նաև մեր երկրի ու ժողովրդի համար կարևորագույն նշանակություն ունեցող ընթացիկ իրադարձություններին:

-Չորսօրյա պատերազմը թերևս մեր պետականության ամենալուրջ փորձությունն էր 1994-ից ի վեր: Պարոն Իշխանյան, ըստ Ձեզ, ինչպե՞ս հաղթահարեցինք փորձությունը: Ի՞նչ դասեր պետք է քաղենք կատարվածից և ի՞նչ քայլեր պետք է հաջորդեն:

-Իսկապես, չորսօրյա պատերազմը երևի 94 թվականից հետո առաջին մեծ ցնցումն էր, և մեծագույն հարց էր` արդյո՞ք կկարողանանք պահպանել մեր պետականությունը, որովհետև Արցախի ապագայով է որոշվում ողջ Հայաստանի ապագան:

Պատերազմը բազմաթիվ հարցեր վեր հանեց, որոնք կուտակվել էին 94 թվականից ի վեր:

94 թվականից ի վեր, հատկապես 90-ականների վերջից, Ադրբեջանի ղեկավարություը չէր թաքցնում, որ պատրաստվում է պատերազմի` և հռետորաբանությամբ ,և միլիարդավոր դոլարների հարձակողական, ժամանակակից զենք կուտակելով,և քնած մարդու կացնահարողին հերոսացնելով: Իսկ դրան ի՞նչ պատասխան պետք է տար Հայաստանը` նույն 94 թվականից սկսած մենք պետք է բոլոր ռեսուրսները կիրառեինք հայկական երկու հանրապետությունների պաշտպանությունը կատարելագործելու համար: Արդյո՞ք այդպես եղավ: Պատերազմի պատրաստվող երկրից առնվազն արտագաղթ չպետք է լիներ, էլ չասեմ, որ ներգաղթ պետք է լիներ: Մենք զինված պետք է լինեինք ժամանակակից պաշտպանողական զենքերով: Արդարացումները, որ Հայաստանն այդքան գումար չուներ, որքան Ադրբեջանը, բացարձակապես որևէ քննություն չեն բռնում. ցանկության դեպքում գումարներ միշտ էլ գտնվում են, էլ չխոսեմ համատարած կոռուպցիայի մասին, որ Հայաստանում տիրում է, ո՞ւր են հանքարդյունաբերությունից ստացված միլիարդավոր դոլարները, ի՞սկ շքեղ առանձնատները, ծառայողական և անձնական ավտոմեքենաները և համատարած եկեղեցաշինությունը:

Բանակը պետք է լիներ սոցիալական հավասարության բանակ, որտեղ պաշտոնյաների զավակները բոլորին հավասար կծառայեին ամենածանր զորամասերում, ինչպես Անգլիայի արքայազնն էր ծառայում Աֆղանստանում:

Արտաքին քաղաքականության առումով. այստեղ հարցը փոքր պետություն լինելը չէ, այլ վստահությունը քո ուժերի նկատմամբ: Մեր արտաքին քաղաքականությունը պետք է էապես փոխվի, լինի ակտիվ ու անգամ արգեսիվ: Այժմ դեսպաններ կարծես նշանակվում են լավություն անելու, ոչ թե դիվանագիտության նպատակով: Անուններով խոսեմ` Անդրանիկ Մանուկյան, որ եղել է հաջողակ գործարար, Յուրի Վարդանյան, որ եղել է իմ պատանեկության հպարտություններից մեկը, ի՞նչ կապ ունեն նրանք դիվանագիտության հետ: Նույնը վերաբերում է մեծ մասամբ մյուս դեսպաններին: Այդ պաշտոններում պետք է լինեն օր ու գիշեր աշխատող դիվանագետներ:

Այս դեպքում համոզված եմ Ադրբեջանի ղեկավարությունը համարձակություն չէր ունենա հարձակվելու:

Նման ներքին և արտաքին քաղաքականության դեպքում մեզ հետ հաշվի կնստեին ու կունենայինք դաշնակիցներ, այլ ոչ թե հույսը կդնեինք ինչ-որ հովանավորների ու միջազգային ուժերի վրա, որոնք թույլ չեն տա պատերազմ: Մինչդեռ, եթե հետ ենք նայում, այս տարիներին խնդրողական, կրավորական կեցվածքով մեր հույսը եղել է միջազգային հանրության վրա:

Հայաստանի քաղաքական վերնախավն այս տարիներին զբաղված է եղել ճղճիմ իշխանության և կոռուպցիոն լծակների բաժանմամբ, միմայնց հետ անիմաստ կռիվներով, իշխանությունը պահելու գործերով, մինչդեռ հարևան հանրապետությունն անընդհատ պատրաստվել է պատերազմի:

Սոցիալապես անապահով ընտանիքների զավակներից բաղկացած բանակը փրկեց Հայաստանի դեմքը: Նրանք փրկեցին Հայաստանի պատիվը: Ի՞նչ հետևություններ պետք է անել: Առաջին հերթին շատ կարճ ժամանակահատվածում ուժեղացնել պաշտպանությունը, ամբողջ պոտենցիալը պետք է ուղղվի դրան:

Ներքին քաղաքականությունը պետք է փոխվի: Անարդարության ընդհանուր զգացողությունը պետք է փոխվի, վերջ պետք է դրվի կոռուպցիային, բուհերում պետք է վերականգնվեն ռազմական ամբիոնները, եթե դժվար է, բոլոր բուհերից սահմանված ժամաքանակով պետք է ռազմական ինստիտուտ դասերի գնան: Բանակը պետք է դառնա սոցիալական հավասարության բանակ:

Եթե իշխանությունները խելքը գլուխը չհավաքեն, համընդհանուր ոգևորության ալիքը հասարակությունը պետք է ուղղի այդ կողմ, և իշխանություններին ստիպի փոփոխություններ մտցնելու: Սա այն դեպքն է, որ հույսը չպետք է թողնել իշխանությունների որոշումների վրա, բոլորս մի բռունցք պետք է դառնանք, իրենց խոսքը պետք է ասեն ինչպես իշխանության էլիտայի ներկայացուցիչները, այնպես էլ «Ղարաբաղ» կոմիտեի և Ղարաբաղյան շարժման մասնակիցները:

Կարողացել ենք առաջին հարվածը հաղթահարել, բայց սա ընդամենը առաջինն էր և չի բացառվում, որ միայն նախաբանն էր: Չպետք է հանգստանալ, միանգամից պետք է պատրաստ լինել ինչպես հաջորդող հնարավոր ամեն տեսակի ագրեսիվ գործողություններին Ադրբեջանի ղեկավարության կողմից, այնպես էլ այլ պետությունների դավադիր գործարքներին:

Սա այն դեպքն է, որ մենք դատապարտված ենք հաղթանակի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: