Հայերեն   English   Русский  

​Դաշնակիցներ որոնելուց առաջ պետք է լինենք հաստատակամ միայնակի կարգավիճակում. Դավիթ Շահնազարյան


  
դիտումներ: 2720

«Անկախությունը կերտողները»շարքի զրուցակիցն է «Ղարաբաղ» կոմիտեի չհրապարակված կազմի անդամ, Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար, 1992-95 թթ. Հայաստանի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1-ին գումարման ԳԽ և ԱԺ պատգամավոր Դավիթ Շահնազարյանը:

- Պարոն Շահնազարյան, այս տարի տոնում ենք Հայաստանի երրորդ Հանրապետության անկախության 25-ամյակը: Եթե հետադարձ հայացք ձգեք մեր պետության անցած ուղուն, ի՞նչ ձեռքբերումներ և բացթողումներ կնշեք:

- Եթե խոսենք 25 տարվա կտրվածքով, ձեռքբերումներ իհարկե եղել են անկախության առաջին տարիներին, իսկ հետո, ցավոք սրտի, չեմ կարող նշել որևէ էական նվաճում, իսկ սխալներն ու բացթողումները բազմաթիվ են: Ցավոք, 25 տարվա ընթացքում չձևավորվեց ՀՀ քաղաքացին, որի համար անկախությունը, պետականությունը, ինքնիշխանությունը բացարձակ արժեքներ են: Կարելի է տարբեր թվականներ նշել, բայց իմ կարծիքով՝ մոտավորապես 1994 թվականից՝ զինադադարից հետո սկսեց կամաց-կամաց նահանջ տեղի ունենալ, դանդաղ վերադարձանք դեպի մեզ համար ավանդական, բայց կործանարար այն մտածելակերպին, որ Թուրքիան մեր հավերժ թշնամին է, Ռուսաստանը մեր հավերժ փրկիչը:

Փաստորեն, այսօր ունենք հաշմված պետականություն, իրավական կատեգորիաներով ինքնիշխանության զգալի կորուստ: Իրականում ունենք երկիր, որի թե՛ ազգային անվտանգության, թե՛ արտաքին քաղաքականության հիմնական և սկզբունքային որոշումներն ընդունվում են Հայաստանից դուրս` Մոսկվայում: Չունենք նաև տնտեսական և էներգետիկ անվտանգության համակարգ, էլ չեմ խոսում ազգային անվտանգության համար աղետ հանդիսացող արտագաղթի մասին: 25 տարի առաջ սեպտեմբերի 21-ին անցկացրեցինք անկախության հանրաքվե` բարձր արդյունքներով, բայց այսօր այդ հանրաքվեի կազմակերպիչներից, իմ այն ժամանակվա գործընկերներից ու համախոհներից շատերը մոռացել են այդ պատմական փաստը:

Ապրիլի քառօրյա պատերազմը, որտեղ, ըստ էության, Արցախի բանակը մարտնչում էր ադրբեջանա-ռուսական տանդեմի դեմ, կարծես հասարակության մեջ արթնացրեց իրականության ընկալման ավելի բարձր աստիճան, բայց մեծ փոփոխություններ քաղաքական դաշտում չիրականացվեցին: Ինչո՞ւ: Որովհետև այն համատարած կոռուպցիան, որը գոյություն ունի Հայաստանի Հանրապետությունում, տարածված է նաև քաղաքական դաշտի վրա, ընդ որում՝ չափազանց լայն և չափազանց խորը: Այո՛, համընդհանուր կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանն ու պետականությանը:

Ակնհայտ է, որ հաջորդ լուրջ զանգվածային շարժումը Հայաստանում նպատակաուղղված է լինելու հենց այս արժեքների`անկախության, պետականության ու ինքնիշխանության վերականգնմանը:

Պատմությունն ի՞նչ է ցույց տալիս. մեզ անընդհատ վախեցնում են մեր հարևաններով, բայց մեր անկախությունն ու պետականությունը միշտ վտանգվել է մեր, այսպես կոչված, ռազմավարական դաշնակցի` Ռուսաստանի կողմից: Այսօր սա է ամենամեծ վտանգը: Կարևոր է, որ հասկանանք` Ռուսաստանն է Ադրբեջանին այսպիսի լկտի ու սանձարձակ դարձրել: Ադրբեջանին զենքի վաճառքն առաջին հերթին Ռուսաստանի քաղաքականությունն էր, ոչ թե բիզնեսը: Եթե ոչ անմիջապես, ապա ժամանակի ընթացքում մեր հասարակության մեծ մասը կհասկանա այս պարզ իրողությունը:

- Անկախությունը կերտելիս ինչպիսի՞ն էր անկախ Հայաստանի Ձեր տեսլականը:

- Հիշում եմ մեր տասնյակ ու հարյուրավոր բանավեճերը: Ոչ մեկի մտքով չէր անցնում, որ կարող է լինել այնպես, ինչպես հիմա է: Գիտեք, «Ղարաբաղ» կոմիտեում էլ կային մարդիկ, որոնք կողմ չէին անկախությանը, կարծում եմ՝ նրանք մինչև հիմա էլ մնացել են իրենց համոզմանը: Բայց այն ժամանակ այսպիսի Հայաստան ոչ ոք չէր պատկերացնում, որովհետև Հայաստանի անկախությունը կերտվում էր Հայաստանի Հանրապետության քաղաքացու ինստիտուտը ստեղծելու համար, համամարդկային արժեքները` ժողովրդավարություն, խոսքի և մամուլի ազատություն, մարդու իրավունքներ, այս ամենն անշրջելիորեն հաստատելու համար: Եթե բանավեճեր էլ լինում էին, ապա քննարկում էինք, թե այդ համամարդկային արժեքները հաստատելուց հետո ինչ մոդելով երկիրը պետք է զարգանա, ինչպես բարելավենք հարաբերությունները հարևանների հետ, ինչպես անենք, որ մեր երկիրը նորից Ռուսաստանի գաղութը չդառնա: Հիմա` 25 տարի անց, գուցե դա միամտություն թվա, բայց ամենայն լրջությամբ էինք քննարկում այս հարցերը:

Մինչ (պայմանականորեն, իհարկե) 1994 թվականը գործում էր Շարժման հզոր էներգետիկայի իներցիան` իր արժեհամակարգով, արժանապատվության, բարոյահոգեբանական առումով: Շարժման այս մշակութային համակարգը գերիշխում և ճնշման տակ էր պահում մյուս բացասական երևույթները, բայց 1994-ից հետո աստիճանաբար սկսեց նվազել դրականը: Մենք այն ժողովուրդն ենք, որ կարող ենք պարծենալ 1988 թվի Շարժմամբ, բայց այսօր Շարժմանը նվիրված մի փոքրիկ թանգարան անգամ չունենք: Ոչ մի իշխանություն դա չփորձեց անել, դեռ հակառակը՝ բոլոր իշխանությունները փորձում էին ձերբազատվել Շարժման արժեհամակարգից:

- Անկախության տարիների բացթողումները գնահատելիս հաճախ ասվում է, որ 1991-ին հայությունը պատրաստ չէր անկախությանը: Իսկապե՞ս այդպես է: Ձեր կարծիքով`որքանո՞վ էինք պատրաստ անկախությանը:

- 1988-ից սկսած՝ Հայաստանի հասարակությունը պատրաստ էր անկախությանը առնվազն ոչ պակաս, քան Բալթյան հանրապետությունները, էլ չեմ խոսում հետխորհրդային մյուս երկրների մասին: Մենք ունեինք շատ հասուն և կրթված հասարակություն: Անկախության ու պետականության գաղափարն էր, որ ուժ տվեց դիմանալու այդ ծանր տարիներին ու պայքարելու, կար այն համոզմունքը, որ պատրաստ ենք այդ ամեն ինչը տանելու, որովհետև անկախ, ինքնիշխան պետություն ենք կերտում: Շեշտեմ նաև ամենակարևոր հանգամանքներից մեկը` կար արժանապատվություն, պետությունն ուներ արժանապատվություն, դա նույնպես Շարժման նվաճումներից էր:

Այսօր մեծագույն խնդիրներից մեկն այն է, որ հարգանքը պետության նկատմամբ անասելիորեն նվազել է թե՛ իշխանավորների մոտ, թե՛ քաղաքական դաշտում: Չկա պետության արժանապատվությունը պահպանելու և դրա համար պայքարելու ձգտում: Բազմիցս մեզ վիրավորել են Ռուսաստանի, այսպես կոչված՝ պետական այրերը, և պետական մակարդակով դրան համարժեք պատասխան, ըստ էության, չի տրվել: Կան Ռուսաստանի մի ամբողջ շարք գործիչներ, որոնք վաղուց պետք է Հայաստանում պերսոնա նոն գրատա հայտարարվեին, դա արժանապատվության հարց է: Իշխանությունների նման քայլն ամեն քաղաքացի կգնահատեր, և ՀՀ քաղաքացու աչքում իր արժանապատվությունն էլ կբարձրանար: Դա այսօր չկա: Պետության արժանապատվության ինստիտուտը որակազրկված է:

- Ո՞րն եք համարում պետականաշինության ընթացքում թույլ տրված ամենամեծ սխալը:

- Սխալը մեկը չէ, արդեն պատասխանեցի այդ հարցին: Գուցե սխալների մի ամբողջ շղթա էր, բազմաթիվ քայլեր կարող եմ նշել: Ասում են` պատրաստ չէինք անկախությանը, այն ժամանակ պատրաստ էինք, կամաց-կամաց դարձանք անպատրաստ:

- Ո՞րն եք համարում ներկայումս Հայաստանի առջև ծառացած ամենամեծ մարտահրավերը:

- Արժանապատվության և բարոյականության ճգնաժամը: Ամեն ինչ գալիս է այստեղից: Կարող էի ավելացնել ՀՀ անվտանգության ապահովումը տարբեր ոլորտներում` արտաքին քաղաքականություն, պաշտպանունակություն, բայց հիմքում այս երկուսն են: Առանց արժանապատվության և բարոյականության, այս ոլորտներում ամենահամարձակ նախաձեռնությունները նույնիսկ լուրջ հաջողություն չեն ունենա:

Արժանապատվության մասին արդեն խոսեցի: Մյուսը բարոյականության հարցն է, որը Շարժման մեծ արժեքն էր: Ներկայիս բարոյականության ճգնաժամին հասանք ոչ միանգամից, այլ աստիճանաբար նահանջելով: Պարզ օրինակ բերեմ. ամեն օր մամուլում տպագրվում են տասնյակ հոդվածներ այս կամ այն պաշտոնյայի մասին, որոնք ցույց են տալիս, որ նրանք բացառապես զբաղված են մի բանով` հասարակությանը կեղեքելով: Բայց դա ոչ միայն իշխանությունների կողմից է մնում անարձագանք, այլև մեր հասարակության համար էլ է դարձել կարծես սովորական երևույթ, որքան էլ ճչացող լինի տվյալ նյութը: Նման մի հոդվածը բավարար էր, որ ցանկացած ժամանակակից արժեքների վրա հիմնված երկրում հանգեցներ քաղաքական ճգնաժամի և կառավարության հրաժարականի: Մեզ մոտ դա դարձել է սովորական, որովհետև բոլորն էլ գիտեն, որ իշխանությունը հարստացման միջոց է, իսկ հարստացումը, ըստ էության, դարձել է քիչ թե շատ նորմալ ապրելու միակ ձևը: Այդ ամենը դարձել է մեր առօրյա կենցաղի մի մասը: Սա եմ համարում բարոյականության ճգնաժամի բաղկացուցիչներից մեկը:

- Պարոն Շահնազարյան, քառօրյա պատերազմը թերևս մեր պետականության ամենամեծ փորձությունն էր 1994-ից հետո: Ինչպե՞ս հաղթահարեցինք այդ փորձությունը: Ի՞նչ դասեր պետք է քաղենք ու հետագայում ի՞նչ քայլեր ձեռնարկենք:

- Ահավոր է, երբ այդ ամենի ծանրությունն ընկնում է զինվորի վրա: Այո, հայ զինվորով հաղթեցինք, բացառապես հայ զինվորով: Մեր զինվորների արարքն օրինակ պետք է ծառայի, և մեր ղեկավարներն ու քաղաքական գործիչները պետք է արժանի լինեն մեր զինվորներին:

Հաճելիորեն զարմացած և հպարտ եմ, որ այս երիտասարդությունը, որը ծնվել է զինադադարից հետո, չնայած այն ահավոր սոցիալական պայմաններին, որում իր ընտանիքը հիմա ապրում է, պատրաստ է նման անձնազոհության:

Նրանք գերազանցեցին մեր` 90-ական թվականների հերոսներին: Նույնիսկ սպառազինությունների այս անհավասար պայմաններում կարողացան խնդիրը լուծել և կասեցնել ադրբեջանա-ռուսական պլանները, դա բացառապես արեց հայ զինվորը: Սա իսկապես հպարտություն է, և եթե իշխանություններն այս պոտենցիալը չօգտագործեն, կորած են:

Դասերի մասին. առաջին հերթին դասեր պետք է քաղի հասարակությունը` հստակ հասկանալու համար, որ այս 25 տարիներից հետո հայտնվել ենք մի իրավիճակում, երբ չունենք դաշնակիցներ, և մեր պաշտոնական ռազմավարական դաշնակիցն իրականում մեր հակառակորդի հավատարիմ գործընկերն է: Պետք է վերանայենք բոլոր այն մոտեցումները, որոնք մինչև այժմ կիրառվել են ու մեզ հասցրել են այս իրավիճակին:

Դաշնակիցներ որոնելուց առաջ պետք է հասկանանք, որ պիտի լինենք հաստատակամ միայնակի կարգավիճակում, և քանի դեռ չենք հարգի մեզ ու մեր պետականությունը, դաշնակիցներ ձեռք չենք բերի: Կարևոր է նկատի ունենալ նաև, որ շատ հնարավոր է՝ հաջորդ պատերազմը լինի ոչ թե արցախյան, այլ` հայրենական:

- Իսկ ինչպիսի՞ն եք տեսնում Հայաստանի ապագան:

- Հայաստանի ապագան, անկասկած, տեսնում եմ եվրոպական ժողովուրդների ընտանիքում` Եվրամիության և ՆԱՏՕ-ի կազմում: Դա պետք է լինի իր հարևանների հետ խաղաղություն կնքած, Ռուսաստանի հետ հավասարազոր հարաբերություններ ունեցող Հայաստանը: Միշտ էլ այդպիսին եմ տեսել Հայաստանի ապագան: Ուրիշ ճանապարհ չունենք, մենք քաղաքակիրթ ժողովուրդ ենք ու մեր տեղն այդտեղ է: Եթե ինձ հակադարձեք, թե Եվրոպայի հետ մեզ ընդհանուր շահեր չեն կապում, ապա կասեմ, որ մեզ առաջին հերթին պետք է կապի ընդհանուր արժեքային համակարգը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: