Հայերեն   English   Русский  

​Գունագեղ ու էկոլոգիապես մաքուր, երեխաների համար էլ` սիրված ու սպասված. ևս մեկ հետաքրքիր բիզես նախաձեռնություն


  
դիտումներ: 526

Երկրաչափական մարմիններ, բուրգեր, մեքենաներ, տիկնիկներ, մարդուկներ, ինքնաթիռներ. բոլորն էլ՝ գեղեցիկ, գույնզգույն, բոլորն էլ աչք շոյող ու հաճելի:

Հայաստանում 2015 թվականի մարտին հիմնադրված «Ակտիկ թոյզ» ընկերության խաղալիքներն են, որ պատրաստվում են էկոլոգիապես ամենաանվտանգ համարվող հաճարենու փայտով, ներկվում և լաքապատվում են բացառապես էկոլոգիապես մաքուր, հատուկ խաղալիքների համար նախատեսված նյութերով, որոնք նույնիսկ ժամանակի ընթացքում պահպանում են անվտանգությունը:

«Ակտիկ թոյզի»` ՀՀ Ազգային ստանդարտների ինստիտուտի կողմից հավաստագրված, էկոլոգիապես մաքուր, զարգացնող, ուսուցողական և ժամանցային խաղալիքների արտադրությամբ զբաղվելու գաղափարը ընկերության համահիմնադիրներ Արտակ Զաքարյանի ու Հայկ Միսակյանի մտքում ծագել է անցյալ տարվա սկզբներին` 2015 թ. փետրվարին, ու արդեն մարտի վերջին սկսել են կյանքի կոչել իրենց գաղափարը: Ավելի ճիշտ` գաղափարը ծնվել է Արտակ Զաքարյանի գլխում, իսկ մանկության ընկեր, նրա հարսանիքի քավոր ու արդեն բարեկամ Հայկ Միսակյանն աջակցել, ամեն հարցում սատար է կանգնել այդ գաղափարի իրականացմանը: Այդպես կարողացել են գաղափարից գործի անցնել: Սկզբում խնդիրը զարգացնող խաղալիքներ ստեղծելը չէր, շեշտադրումն ավելի շատ էկոլոգիապես մաքուր խաղալիքն էր:

«Խաղալիքների արտադրության գաղափարն առաջացավ, այսպես ասած, սեփական փորձով: Ես էլ փոքրիկ ունեմ, նրա համար խաղալիքներ եմ գնում ու շատ: Եվ փաստ է՝ կա՛մ թանկ է եվրոպականը, կա՛մ վտանգավոր է չինականը: Ես էլ նպատակ ունեմ իմ երկրում ինչ-որ բան ձեռնարկելու և երկրից դուրս չգալու: Եկա այդ մտքին ու որոշեցի զրոյից ինչ-որ բան ստանալ ու ստացա փայտե խաղալիքներ»,- «Անկախին» պատմեց ընկերության համահիմնադիր և տնօրեն Արտակ Զաքարյանը` հավելելով, որ զարգացնող լինելը հենց խաղալիքի իմաստն է, այն պետք է դառնա երեխայի ընկերը: Այս առումով Զաքարյանը «սեփական փորձագետներն» ունի՝ ի դեմս իր ու եղբոր երեխաների, որոնք պատրաստած խաղալիքն առաջինն են ընդունում, եթե գնահատում են, ընդունում են ու խաղում են, արդեն մոդելը դրվում է արտադրության մեջ:

Զաքարյանի մասնագիտությունը, իր խոսքով, ներաշխարհի հետ կապ չունի. նա ավարտել է պետական համալսարանի պատմության ֆակուլտետը և մագիստրատուրան շարունակել միջազգային հարաբերությունների գծով: Բայց այսօր վստահ է` դա հենց իրենն է: Առավել ևս, որ ամեն ինչ ընկերները սկսել են զրոյից, իսկ վստահելի ու նվիրված ընկերոջ ներկայությունն օգնել է, որ ամեն ինչ արագ ստացվի:

Սկզբում շատ բան պետք չէր. սկսում են 4 հազար դոլար ներդրումով ու երկուսով: Իհարկե, այս 1 տարվա ընթացքում միայն սկզբնական ներդրված 4 հազար դոլարով չեն սահմանափակվել, մինչ օրս էլ անընդհատ ներդրումներ են անում: Զաքարյանի բնորոշմամբ` արտադրությունն այնպիսի բան է, որ անընդհատ ուզում է ու անընդհատ էլ տալիս է: Հիմա ընկերությունում, բացի Արտակ Զաքարյանից, աշխատում է 5 հոգի: Իսկ համահիմնադիր ընկերը` Հայկ Միսակյանը, բուն արտադրության գործընթացին չի մասնակցում, իր գործն ունի, բայց շարունակում է բիզնեսի մասնակից մնալ:

Սկզբում նրանց փոքրիկ արտադրամասն արտադրում էր 15 տեսակի խաղալիք, իսկ հիմա արդեն խաղալիքների տեսականին անցնում է 60-ից: Ծավալներն էլ են տպավորիչ, մանավանդ երբ հաշվի ենք առնում «Ակտիկ թոյզի» ընդամենը 1 տարվա «կենսագրությունը»: Եթե սկզբում օրական մեկ խաղալիք էլ չէին հասցնում պատրաստել, ապա հիմա հասել են օրական 50-60 խաղալիքի: Ծավալներն էլ կախված են պատվերների քանակից, իսկ երբ պատվեր չի լինում՝ սկսում են նոր բաներ մտածել, նոր մոդելներ, նոր մոտեցումներ:

Ակտիկ թոյզ

«Եթե պատվեր կա, կենտրոնանում ենք պատվերի վրա, իսկ եթե չկա, ինձ համար աշխատանքի թիվ մեկ պայմանն ու աշխատողներից թիվ մեկ պահանջն այն է, որ բոլորը մշտապես ինչ-որ նոր բան մտածեն, պրպտեն ու նոր բան ստանան»,- նշում է Արտակ Զաքարյանը:

Նման դեպքերում սկսում են «մաքրել» հին մոդելները: Բանն այն է, որ խաղալիքների պատրաստման բիզնեսը սկսելիս որոշ մոդելներ վերցրել են ինտերնետից, որոշ մոդելներ վերափոխել են, իսկ հիմա իրենց մտահղացումներով կատարելագործում են, ստեղծում սեփական մոդելները:

«Գործում հաջողելու համար,- նշում է Արտակ Զաքարյանը,- ամենակարևորը ձգտումն է»: Նրա խոսքով` ինչ-որ յուրահատուկ բան պետք չէ, երկնքից աստղեր պետք չէ իջեցնել հաջողված գործ ստանալու համար, այլ պետք է ձգտել, աշխատել, անընդհատ աշխատել:

«Եթե նպատակը կա, գաղափարը կա, եթե աշխատելու ցանկությունն ու ձգտումն էլ լինի, մնացածը կլինի ինքնըստինքյան: Երևի մեկ էլ պետք է չհիասթափվել ոչնչից, չընկճվել անհաջողություններից»,- շեշտում է Զաքարյանը:

Հիմնադիրների ապագա ծրագրերը հավակնոտ են, իրենց բնորոշմամբ` ավելի երազկոտ: Ընկերները երազանք ունեն՝ «Ակտիկ թոյզը» մեծացնել, ընդլայնել ու ընդգրկել ամբողջ ոլորտը. ավելացնել դարձյալ էկոլոգիապես մաքուր փափուկ, երկաթե, պլաստիկ, շարժական խաղալիքներ: Մտքերը շատ-շատ են: Նույնիսկ մտադրություն ունեն հնարավորության դեպքում մտնել մուլտաշխարհ, ստանալ պերսոնաժներ, պերսոնաժներից խաղալիքներ, մի խոսքով՝ բիզնեսը զարգացնել ու հասցնել առավելագույնի:

Իսկ ներկայումս ընկերության արտադրանքի սպառման հիմնական հարթակն օնլայն վաճառքը և ուղղակի պատվերներն են: Արտահանումներ են իրականացրել նաև ԱՄՆ, Ֆրանսիա, Վրաստան, Լիբանան, Նորվեգիա: Սակայն իրենք անձամբ արտահանմամբ չեն զբաղվում, այլ ընկերություններն են պատվիրում խաղալիքների խմբաքանակներ ու արտահանում: Մանրավաճառ առևտուր էլ չեն իրականացնում:

«Մանրավաճառք կարող ենք կազմակերպել, բայց մտածում ենք, որ մեր գործընկերներն էլ աշխատանքի ոլորտ ունենան, ինչ-որ բանով օգնենք, որ նրանք էլ, որ դարձյալ փոքր բիզնես են, աճեն, ու այդպես բոլորի համար էլ լավ լինի, հետագայում էլ` ավելի օգտակար»,- ասում է ընկերության տնօրենը՝ հավելելով, որ իրենց բիզնեսն այս մեկ տարվա ընթացքում աճել է մոտ 4-5 անգամ: Հիանալի արդյունքներ, եթե դատենք ցուցանիշներով:

Ի դեպ, Արտակ Զաքարյանի մեկ տարվա փորձով ու դիտարկումներով` խանութներում բոլորն էլ չինական խաղալիքներ են վաճառում, որոնք, «Ակտիկ թոյզի» խաղալիքների համեմատ, բավականին մատչելի են, իսկ մարդկանց մեջ էժան գնի հակումը դեռ չի վերացել, մարդիկ դեռևս շատ ուշադրություն չեն դարձնում մաքրությանն ու որակին: Բայց մի հետաքրքիր հանգամանք ներկայացրեց մեզ երիտասարդ ու ստեղծագործ գործարարը. նա իրենց արտադրած խաղալիքներից որոշ նմուշներ ուղարկել է Չինաստան ու հարցրել, թե համանման որակի ու չափանիշների խաղալիքն ինչքանո՞վ կպատրաստեն, միջին որակինը` ինչքանով ու էժանագինը` ինչքանով:

«Նրանց ուղարկած գնացուցակով մեր խաղալիքին համարժեք որակյալ ու բարձրակարգ խաղալիքի ինքնարժեքը գնահատեցին մեր ինքնարժեքից մոտ 100 դրամով թանկ՝ չհաշված տեղափոխման, մաքսազերծման և այլ ծախսերը: Միջինը, որ ավելի ցածրորակ փայտից էր, ավելի ցածր որակի ներկերով, մոտ 500 դրամ էժան էր մեր խաղալիքից, և տվեցին ամենաանորակ, չգտեմ՝ ինչ փայտից, ինչ ներկով ու նյութերով պատրաստված էժանագին խաղալիքի գինը՝ մեկ կոմպլեկտի մոտավոր արժեքը 50-60 ցենտ: Հասկացա, թե ինչի վրա է հիմնված Հայաստանում խաղալիքների շուկան. ձեռք են բերում չգտես ինչ խաղալիք, այստեղ վաճառում են հաստատ ոչ այն գներով, ինչով ձեռք են բերել, ու փաստորեն չգիտենք, թե դա հետագայում երեխաների վրա ինչպես է ազդելու»,- եզրափակեց Արտակ Զաքարյանը:

Գևորգ Ավչյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: