Հայերեն   English   Русский  

​Մարզերում տուրիզմը կզարգանա համաչափ. նոր վարկ Հայաստանի տնտեսությանը


  
դիտումներ: 207

Հայաստանի որոշ մարզերում զբոսաշրջության ներուժն ավելի մեծ է, քանի իրականում օգտագործվում է: Ըստ փորձագիտական գնահատականների՝

Հայաստանում զբոսաշրջությունն աղքատության կրճատման և կյանքի որակի բարելավման ներուժ ունի, և ճիշտ ռազմավարության և պետության կողմից համեստ նեդրումների պարագայում ծառայությունների այս ոլորտի գործընթացը կարող է տնտեսապես շահավետ լինել:

Որպեսզի Հայաստանի հարավային միջանցքը ամբողջությամբ իրացնի իր զբոսաշրջային ներուժը, թիրախային մարզերում բարելավվեն ենթակառուցվածքային ծառայությունները և ինստիտուցիոնալ կարողությունները, Համաշխարհային բանկը Հայաստանին վարկ է տրամադրել 55 մլն դոլարի չափով, որին գումարվելու է ևս 13 մլն դոլար կառավարության միջոցներից: Ծրագրի նախաձեռնողներն ակնկալում են այս գործընթացների շնորհիվ մեծացնել զբոսաշրջության մասնաբաժինը տնտեսության մեջ թիրախային 5 մարզերում՝ Արարատում, Վայոց ձորում, Սյունիքում, Կոտայքում և Լոռիում :

Մեջբերենք ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլի այն խոսքերը, որ զբոսաշրջային ոլորտը ռազմավարական մանրակրկիտ պլանավորման և համեստ պետական ներդրումների միջոցով կարող է դառնալ համայնքային օղակում տնտեսության զարգացման և զբաղվածության մեծացման կարևոր աղբյուր: Ծրագրի շնորհիվ համայնքները կկարողանան պահպանել ինքնատիպ հայկական մշակութային ժառանգությունը և հնարավորություն կտան օգուտներ քաղելու զբոսաշրջությունից:

Ֆինանսական միջոցներն արդեն հատկացվել են, ինչպե՞ս են դրանք տնօրինվելու: Այս հարցի շուրջ զրուցել ենք Համաշխարհային բանկի Հայաստանի ներկայացուցչության քաղաքային, գյուղական և սոցիալական զարգացման բաժնի խորհրդատու Նորա Միրզոյանի հետ:

Նշենք, որ դեռևս 2014 թ. ՀԲ-ն աջակցել է կառավարությանը գնահատելու տարածքային զարգացման անհամաչափություններն ու հնարավորությունները, ինչպես նաև զբոսաշրջության ռազմավարություն մշակելու հարավային միջանցքի համար: Վերլուծության մեջ դիտարկվել են յուրաքանչյուր մարզի առանձնահատկությունները, վեր են հանվել տարածքային զարգացման հնարավորությունները և մասնավոր հատվածում նկատելի աճ ունեցող ու աշխատատեղեր ստեղծող առավել մրցունակ ոլորտները, ինչպիսիք են զբոսաշրջությունը, ագրոտուրիզմը, ագրոբիզնեսը:

Ենթակառուցվածքները կբարելավվեն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում Հայաստանը հիշատակվում է որպես թանգարան բաց երկնքի տակ՝ առանձնանալով իր բազմաթիվ պատմական հուշարձաններով: Ուստի ծրագրի առաջին բաղադրիչը մշակութային ժառանգության կենտրոնների աշխուժացումը և զբոսաշրջային շղթայի զարգացումն է: Այս բաղադրիչով նախատեսվում է ֆինանսավորում ապահովել հինավուրց Գորիս ու Մեղրի քաղաքներում և հարուստ մշակութային ժառանգությամբ առանձնացող Արենի, Տաթև, Տանձատափ գյուղերում հանրային ենթակառուցվածքների վերականգնման, շենքերի ճակատային մասի, տանիքների կառուցման, հասարակական վայրերի, թանգարանների ստեղծման, ճանապարհաշինության, ջրամատակարարման և փողոցների լուսավորման աշխատանքների իրականացման համար:

Այս բաղադրիչով ֆինանսավորում կապահովվի նաև մշակութային արժեքների պահպանության համալիր մոտեցումների ձևավորման և այցելավայրերի կառավարման պլանների բարելավման նպատակով, մասնավորապես խոսքը վերաբերում է այն վայրերին, որոնք ներառված են զբոսաշրջային երթուղու մեջ, դրանցից են Գառնին, Գեղարդը, Խոր Վիրապը, Արենու և Մոզրովի քարանձավները, Զորաց քարերը (Քարահունջ), Խնձորեսկը, Հաղպատն ու Սանահինը:

Ծրագրի երկրորդ բաղադրիչը ինստիտուցիոնալ զարգացումն է, որը միտված է ՀՀ զարգացման հիմնադրամի, Էկոնոմիկայի նախարարության, պատմության և մշակույթի հուշարաձանների պահպանության գործակալության ինստիտուցիոնալ կարողությունների և կատարողական արդյունքների մեծացմանը, որպեսզի զբոսաշրջությանն առնչվող հետևողական աշխատանքներ իրականացվեն տարբեր մակարդակներում:

Ինչպես նշեց Նորա Միրզոյանը, սույն ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի տնտեսական աճին և բարելավել ժողովրդի բարեկեցությունը: Եվ քանի որ զբոսաշրջության ոլորտը ՀՀ կառավարության կողմից դիտարկվում է որպես գերակա ոլորտ, ծրագիրն արդյունավետ կլինի և կնպաստի զբոսաշրջության հավասարակշռված զարգացմանը մարզերում:

Թիրախային մարզերում ներքին զբոսաշրջության զարգացմանը խանգարող մի քանի գործոններ կան, մասնավորապես՝ որոշ ճանապարհների ոչ բարեկարգ վիճակը, հիմնական ճանապարհների, պատմական հուշարձանների՝ ոչ բավարար թվով տեղեկատվական վահանակների և զբոսաշրջային կանգառների, զուգարանների բացակայությունը և այլն:

Ծրագիրը նախատեսված է իրականացնել առաջիկա 5 տարում (2016-2021 թթ.): Նախագիծն իրականացնողներն ակնկալում են, որ զբոսաշրջությունը անհրաժեշտ ենթակառուցվածքների շնորհիվ համաչափ կզարգանա նաև մարզերում:

Արդյունքները կլինեն հուսադրող

Անհրաժեշտ է նաև զբոսաշրջային արտադրանքը բազմազանացնել: Ըստ ՀԲ ներկայացուցչի՝ թեև զբոսաշրջությունը աճում է քանակական առումով, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վերջին մի քանի տարիների ընթացքում նվազում է մեկ զբոսաշրջիկի հաշվով ծախսվող գումարը (միջինը 10%):

«Ակնկալվում է, որ միջազգային այցելությունները դեպի Հայաստան կաճեն: Եթե 2014 թ. արձանագրվել է 1,203,746 զբոսաշրջիկ, ապա ըստ կանխատեսումների՝ մինչև 2021 թ. այցելությունները կհասնեն մինչև 1,806,498-ի: Նախատեսվում է բարձրացնել նաև մեկ զբոսաշրջիկի կողմից ուղևորության ընթացքում ծախսվող գումարը: Համաշխարհային բանկը մշակել է բազմափուլ ծրագիր, այն կներառի համալիր աշխատանքների շարք, որում ներգրավված կլինեն նաև համայնքների բնակիչները: Ծրագրի կարևոր բաղադրիչներից մեկը կլինի հենց խորհրդատվության տրամադրումը բնակչությանը և տեղական իշխանություններին՝ նպաստելով զբոսաշրջության ոլորտում հմտությունների և կառավարման զարգացմանը»,- վստահեցրեց Նորա Միրզոյանը:

Կապիտալ ներդրումները հիմնականում ուղղվելու են զբոսաշրջային ենթակառուցվածքներին, մասնավորապես ճանապարհների կառուցմանը, ավտոկայանատեղերի մասնակի վերականգնմանը և մշակութային ու պատմական ժառանգության պահպանմանը: Առանձնակի ուշադրություն է դարձվելու այնպիսի եզակի հուշարձաններին, ինչպիսիք են Սանահինի, Հաղպատի և Գեղարդի վանական համալիրները:

Լ.Ն





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: