Հայերեն   English   Русский  

Չկա մի մեխանիզմ, որ զսպում է Ադրբեջանին, բացի ԼՂՀ ՊԲ-ից. Հովհաննես Իգիթյան


  
դիտումներ: 792

«ԼՂՀ հարցը վերաբերում է ՀՀ Անվտանգության համակարգին»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը:

Նա նկատեց, որ `րկար ժամանակ Ադրբեջանը ստեղծում էր իր համար առանձին համակարգ` Մինսկի խմբից դուրս. «Այն գործունեությունը, որը ծավալում էր` ՄԱԿ-ում և միջազգային այլ կառույցներում և գործածած հռետորաբանությունը, դուրս էր Մինսկի խմբի տերմինաբանությունից և ռազմավարությունից: Օրինակ, Մինսկի խմբի շրջանակներում չի գործածվում օկուպացված տարածքներ եզրույթը: Սա պետք է մենք ինքներս հիշենք և հիշեցնենք աշխարհին: Մինսկի խմբի ձևաչափը ստեղծվել էր առաջին հերթին զինադադարը պահպանելու համար: Մենք զիջման գնացինք օգտագործելով Լեռնային Ղարաբաղ արտահայտությունը` չնշելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Բանակցային այս շրջանը թույլ տվեց Հայաստանին, Արցախին և Ադրբեջանին շունչ քաշել: Սրա շնորհիվ Ադրբեջանը գտավ ռեսուրսներ անելու այն, ինչ եղավ ապրիլին»:

Ըստ Իգիթյան`նման քայլի գնալով` Ադրբեջանը երեք նպատակ էր հետապնդում: Առաջին հերթին ստուգելու միջազգային հանրության և ազդեցիկ երկրների արձագանքը նման ագրեսիայի նկատմամբ: Երկրորդ` Ադրբեջանը փորձում էր ստուգել ՌԴ-ի վերաբերմունքը: Երրորդ և ամենակարևորը` հակառակորդը ցանկանում էր ստուգել ԼՂՀ ռազմական պոտենցյալը: Այս ամենի արդյունքում պարզվեց, որ միջազգային հանրությունը պատշաճ կերպով չանդրադարձավ հարցին, իսկ Ռուսաստանի արձագանքը մեղմ ասած անատամ էր և չեզոք:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք նպատակահարմար է այս շրջանում ընդունել Արցախի անկախությունը` Հովհաննես Իգիթյանը նշեց, որ ցանկացած քայլ անելուց առաջ պետք է հասկանալ, ինչ ազդեցություն կունենա դա ընդհանուր անվտանգության համակարգի վրա: Հայաստանը պետք է բարեփոխված ռազմական դոկտրինա ստեղծի.«Պարզ երևում է, որ այլևս չկա մի մեխանիզմ, որ զսպում է Ադրբեջանին, բացի ԼՂՀ ՊԲ-ից: Եթե անկախությունը կամրապնդի ԼՂՀ անվտանգությունը, պետք է գնալ դրան»:

Լևոն Իգիթյանը գտնում է, որ կարևորագույն քայլ է Արցախին բանակցային գործընթաց վերադարձնելը. թեև 2000-ականների սկզբին ԼՂՀ-ն դուրս մղվեց Մինսկի խմբի շրջանակներից, բայց անուղղակիորեն միշտ ազդել է գործընթացների վրա: ԼՂՀ նախագահի վերջին հարցազրույցը, որի ընթացքում նա գլոբալ հարցեր բարձրացրեց, պետական պաշտոնյաների այլ հայտարարությունները ցույց են տալիս, որ նրանք պատրաստ են մտնել բանակցային գործընթացի մեջ: ԼՂՀ-ն ռազմական ազդեցիկ գործոն է, որը կարող է դառնալ դիվանագիտական կողմ:

Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը` Հովհաննես Իգիթյանը նշեց, որ Հայաստանը շատ անելքիներ ունի: Ժամանակն է Ռուսաստանի հետ հետ հարաբերությունները վերանայել:

«Այն բացասական վերաբերմունքը, որն ունի Հայաստանը տարբեր միջազգային ինստիտուտներում, Ադրբեջանի հետ համեմատ, նա ի շնորհիվ պատգամավորների է, որոնց չգիտեմ ինչ ձևով են խցկել ցուցակ կամ ինչ ձևով անցկացրեցին պատգամավորներ: Անուններ ասել չեմ ուզում, բայց պատկերացրեք ձեր ճանաչած այդ մարդիկ, այս պատասխանատվությամբ, գնում են ԱՄՆ կամ ՌԴ ու փորձում են խոսել իրենց կոլեգաների հետ, որ իրավիճակն այնպիսին է, որ ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի անվտանգությունը վտանգված է: Աշխատանքից ազատումներ եղան: Ես չգիտեմ, գուցե պիտի լինեն, բայց այդ մարդիկ երևի այն մարդիկ չեն, որոնք այս երկրի ռազմավարությունն են ստեղծել և մեզ բերել են այս վիճակին»,- եզրափակեց Իգիթյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: