Հայերեն   English   Русский  

​Իվետա Մուկուչյանը հանդիպել է Շվեդիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ


  
դիտումներ: 182

«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան մասնակից Իվետա Մուկուչյանն ու ողջ հայկական պատվիրակությունը Ստոկհոլմում հանդիպում են ունեցել Շվեդիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպումն անցել է շատ ջերմ մթնոլորտում: Իվետա Մուկուչյանը ներկայացրել է մրցույթի նախապատրաստական ողջ ընթացքը, պատասխանել ներկաներին հետաքրքրող հարցերին, ինչպես նաեւ դաշնամուրային նվագակցությամբ եւ կենդանի կատարմամբ հնչեցրել “LoveWave” մրցութային երգը:

Իվետա Մուկուչյանն ընդգծել է, որ հանգամանքների բերումով գիտի, թե ինչ է նշանակում հայրենիքից հեռու ապրելը եւ թե ինչ է նշանակում հայրենիքի սահմաններից հեռու որեւէ հայի տեսնելը: «Անչափ շնորհակալ եմ նման ջերմ ընդունելություն կազմակերպելու համար: Հավատացեք, Ձեր յուրաքանչյուր խոսքն ու փոխանցած դրական էներգիան ինձ հետ բեմ եմ բարձրացնելու»,- նշել է հայաստանյան պատվիրակը:

«Եվրատեսիլ-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի խոսքով` Սփյուռքի մեր հայրենակիցները միշտ հայ մասնակիցների կողքին են եւ միշտ սատարում եւ օժանդակում են նրանց թե՛ իրենց բարեմաղթանքներով, թե՛ խոսքերով, թե՛ քվեարկություններով: «Մրցույթն իսկապես լավ առիթ է Հայաստանի անունը հնչեցնելու ավելի քանի 40 երկրներում` շուրջ 200 մլն հեռուստադիտողի շրջանում: Սա լավ հնարավորություն է համախմբվելու եւ ցույց տալու հայի միասնական ուժը»,- նշել է Գոհար Գասպարյանը:

Շվեդիայի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց հիացմունքի խոսքն են հղել Իվետա Մուկուչյանին եւ պատրաստակամությունը հայտնել յուրաքանչյուր հարցում սատարել հայկական պատվիրակությանը: «Իվետա ջան, մենք քեզ հետ ենք»,- միաբերան փաստել են մեր հայրենակիցները:

Հիշեցնենք, որ մայիսի 1-ին «Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան պատվիրակությունը ժամանել է Ստոկհոլմ, որտեղ իրականացվում են մրցույթի մասնակիցների փորձերը, տարբեր հանդիպումներ կազմակերպիչների, միջազգային մամուլի ներկայացուցիչների հետ:

Մայիսի 2-ին կայացել է Իվետա Մուկուչյանի մրցութային առաջին փորձը, որը ԶԼՄ ներկայացուցիչների քվեարկությամբ լավագույնն է ճանաչվել առաջին օրվա ելույթների շրջանում:

«Եվրատեսիլ-2016»-ը կկայանա մայիսի 10-ին, 12-ին եւ 14-ին Ստոկհոլմում: Հայաստանը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում` 7-րդ համարի ներքո:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: