Հայերեն   English   Русский  

​Մի քանի անգամ զավթված և ազատագրված Թալիշն ու նրա բնակիչները


  
դիտումներ: 210

Հայաստանի տարբեր քաղաքներում (Երևան, Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր), ինչպես նաև Արարատի և Արմավիրի մարզերի մի շարք գյուղերում այսօր ժամանակավոր ապաստան է գտել ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն իր հայրենի գյուղից տեղահանված շուրջ 340 թալիշցի` մոտ 90 ընտանիք:

Թալիշ

«Թալիշ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՀ և ԼՂՀ հույների «Պատրիդա» ՀԿ-ի նախագահ Էդուարդ Պոլատովը, որը նաև Հանրային խորհրդի Ազգային փոքրամասնությունների հարցերի հանձնաժողովի անդամ է, թալիշցիների ապագայով մտահոգված, դիմել է ՀՀ վարչապետին և ՀՀ Հանրային խորհուրդ: Պոլատովը նշում է, որ թալիշցիների մեծ մասը հուսահատ է, իսկ հայրենի գյուղ վերադառնալու ժամկետները, անվտանգ ապրելու երաշխիքները` անորոշ: «Նրանք այսօր սեփական միջոցներով ու հարազատների սուղ աջակցությամբ են կարողանում գոյատևել սոցիալական և հոգեբանական ծանր պայմաններում,- ասում է նա:- Այս ընտանիքները կարծես բոլորի կողմից անտեսված են, նրանց ոչ ոք չի այցելում, նրանցով չեն հետաքրքրվում մարզային կամ համայնքային կառույցները»:

Հարց է ծագում՝ ինչո՞ւ է թալիշցիների խնդիրը բարձրացնում ազգությամբ հույն Էդուարդ Պոլատովը: Պարզվում է` նա նույնպես Թալիշ գյուղից է, սակայն վաղուց բնակվում է Երևանում: Թալիշ գյուղի բնակիչների խնդիրներով փորձում են զբաղվել «Թալիշ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները, որոնք հանդիպել են գյուղի բնակիչների հետ, գնահատել նրանց կարիքները, որոշ մարդկանց օգնել կացարանի հարցով, հագուստ ու սննդամթերք տրամադրել, աշակերտներին տեղավորել դպրոցներում, հիվանդներին` հիվանդանոց տեղափոխել և այլն: Սակայն հիմնադրամն այլևս օժանդակությունը շարունակելու միջոցներ չունի: Ի դեպ, հիմնադրամը ստեղծվել է անցյալ տարի՝ Թալիշ գյուղի տարբեր կարիքները հոգալու նպատակով:

Էդուարդ Պոլատովն իր նամակով խնդրում է, որ ՀՀ կառավարությունը տեղահանված թալիշցիներին ժամանակավոր կացարաններով ապահովելու և կեցության համար անհրաժեշտ պայմանները հոգալու համար միջոցներ գտնի, չնայած կողմ չէ, որ այդ մարդիկ մնան Հայաստանում: Նա կարծում է, որ թալիշցիները պետք է վերադառնան Արցախ, և եթե անգամ ժամանակավոր կացարաններում ապրեն, գոնե լինեն իրենց բնակավայրին մոտ, իրենց հողում: «Թալիշցին չի ընդունում իր փախստական լինելու կարգավիճակը և պատրաստ է վերադառնալ իր բնօրրան, եթե գլխավերևում գոնե ծածկ ունենա,- ասում է Պոլատովը.- բայց վերադարձի օրը ոչ ոքի հայտնի չէ, իսկ նրանց հարկավոր է սատարել, մինչև ապագայի հարցը կհստակեցվի: Հակառակ դեպքում նրանք ստիպված կլինեն արտագաղթել»:

Պոլատովը, որ Արցախյան պատերազմի ժամանակ եղել է ՀՀ փախստականների հարցերով պետական վարչության պետի տեղակալը, հիշում է, թե ինչպես իրենք ժամանակին կազմակերպեցին Հայաստանում ժամանակավորապես ապաստանած մոտ 43 հազար արցախցիների վերադարձը ԼՂՀ: «Այն ժամանակ մոտ 65 հազարից ավելի ղարաբաղցիներ, այդ թվում և Շահումյանի շրջանից, եկել էին Հայաստան: 43 հազարին մենք հետ ուղարկեցինք Ղարաբաղ, չնայած պատերազմը դեռ չէր ավարտվել: Մենք դա արեցինք, որպեսզի չարտագաղթեն: Ամեն ինչ արվեց, որ այդ մարդիկ վերադառնան իրենց գյուղերը: Դա տեսնելով` անգամ Ռուսաստան գնացածներից էլ վերադարձան Արցախ»:

Պոլատովը դիմելու է նաև ԼՂՀ իշխանություններին` պարզելու, թե նրանք ինչ քայլեր են ձեռնարկում Թալիշի բնակիչներին ժամանակավոր կացարաններով ապահովելու ուղղությամբ:

Սլավա Բայունցը նույնպես Թալիշից է: Նա համակարգում է թալիշցիներին աջակցելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը: Չնայած Բայունցը գյուղից դուրս է եկել 1992 թվականին, մինչ օրս ակտիվ պահում է կապը համագյուղացիների հետ, զբաղվում գյուղի խնդիրներով: Գյուղի նախկին գլխավոր ինժեներն արդեն Թալիշի մասին երկրորդ գիրքն է գրում, իսկ 2 տարի առաջ ստեղծել է գյուղի պաշտոնական կայքը, որտեղ ներկայացնում է գյուղի պատմությունը, անցուդարձը, պատմական հուշարձանները, մի խոսքով, ամեն ինչ Թալիշի մասին:

Սլավա Բայունցն ասում է, որ վերջին տվյալներով գյուղում ապրում էր 550 բնակիչ, որոնցից մոտ 200-ը քառօրյա պատերազմից հետո մնացել է Արցախում` տեղավորվելով բարեկամների տանը: Նա նաև հայտնեց, որ վերջին մի քանի օրերին Հայաստանում էր ԼՂՀ սոցապ փոխնախարարը, որը հանդիպել է թալիշցիների հետ, քննարկել նրանց խնդիրները, ապա հադիպել ՀՀ համապատասխան պետական կառույցների ղեկավարների հետ: Նման մի հանդիպում էլ կայացել է Միգրացիոն պետական ծառայությունում: Ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանն «Անկախի» հետ զրույցում շատ փակագծեր չբացեց, միայն վստահեցրեց, որ այժմ քայլեր են ձեռնարկում թալիշցիների խնդիրները լուծելու ուղղությամբ:

ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակը «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի միջոցով Հայաստանում ապաստանած թալիշցի 90 ընտանիքներից յուրաքանչյուրի համար առանձին բացված հաշվեհամարին միանվագ գումարներ է փոխանցում` ըստ ընտանիքի անդամների թվի: Այնուամենայնիվ, գլխավոր խնդիրը` կացարանը, դեռևս մնում է չլուծված: «Էդ մարդիկ փշերի վրա բարեկամների տանը նստած են: Ինչքա՞ն կարող են բարեկամի, ծանոթի տանը մնալ, երբ այդ ընտանիքներն էլ իրենց հերթին են սոցիալական ծանր պայմաններում ապրում»,- ասում է Բայունցը:

Բացի այդ, կան նաև տեխնիկական հարցեր, օրինակ` թոշակների, նպաստների փոխանցման հարցը և այլն: Սլավա Բայունցի խոսքով՝ թալիշցիների հայրենի գյուղ վերադարձը կարող է 1-2 տարի տևել, քանի դեռ անվտանգության հստակ երաշխիքներ չկան: Գրեթե բոլոր թալիշցիների համար սա արդեն երկրորդ տեղահանությունն է 1992-ից հետո: Արդյոք թալիշցիները երրորդ անգամ կգնա՞ն տեղահանվելու վտանգին ընդառաջ:

Գյուղը մի քանի անգամ զավթվել է, բայց կրկին ազատագրվել. պատմական ակնարկ

Հյուսիսային Արցախի ամենամեծ գյուղերից մեկը` Թալիշը, իր աշխարհագրական դիրքով այսօր հակառակորդի թիրախում է: Այն ընկած է Մարտակերտի շրջանի հյուսիսային սահմանագծում` շրջկենտրոնից 25 կմ հյուսիս, Մռավ լեռան արևելյան հատվածի հարավային լանջին, Թարթառ գետի ձախ կողմում և սահմանակից է Շահումյանի և ադրբեջանական Կասում-Իսմայլովի շրջաններին: Գյուղի արևմտյան սահմանը կազմում են դարավոր հին անտառները, որոնք ընկած են Փոքր Կովկասի լեռնաշխարհի լանջերին: Արևելքից սահմանակից է ադրբեջանական Միրբաշիրի շրջանին, իսկ հարավից՝ Մարտակերտի շրջանի Այգեստան ու Մատաղիս գյուղերին: Թալիշ մտնող միակ ճանապարհը, որով շրջկենտրոնը կապվում է գյուղի հետ, հարավից եկող Քարի հղեն է, որն անցնում է երկու մեծ բլուրների արանքով:

Թալիշ գյուղը հայտնի է իր պատմական հնություններով և պատմա-ճարտարապետական կառույցներով: Հոռեկա կամ Գլխո վանքը, որը գոյություն ունի դեռևս V դարից, Ամարաթները` Թալիշի մելիքների՝ Մելիք-Բեգլարյանների պալատները Հոռեկա վանքի մոտ, Կավաք-կյավանքը, Գյուղամիջի Սուրբ Աստվածածին եկեղեցին (այն Թալիշում պահպանվող միակ պատմա-ճարտարապետական հուշարձանն է, որի շինարարությունն ավարտվել է 1894 թվականին), Պապին տակ ուխտավայրը, որին ժողովուրդը «Բեգունց պապ» է կոչում:

Իր պատմության ընթացքում Թալիշը 4 անգամ փոխել է անունը: 461 թ. Ուտիքի շրջանի Նիժ գյուղի Յալոյլաթափա ամրոցի մարզպան Թարիջ իշխանն իր հպատակների հետ գաղթում է այժմյան Հոռեկա վանքի տարածքում գտնվող մի սառնորակ աղբյուրի մոտ և հիմնադրում Թարիջ գյուղը: Մինչ այդ հիշյալ տեղում հայ թագավորների ամառանոցներն էին: Գաղթի երրորդ տարեդարձին Թարիջ իշխանի հրամանով իրենց փրկության օրը հայտարարվում է տոն և որոշվում ամեն տարի Հոռի ամսվա այդ օրը նշել: Հոռի ամսվա տոնակատարությունները թարիջցիները կատարել են ամեն տարի: Հոռի ամսվա անունից էլ այդ աղբյուրը կոչվում է Հոռի աղբյուր, այդ անունը պահպանվում է առ այսօր: Կարծիք կա, որ գյուղն իր երկրորդ անունը ստացել է 1279 թ., բայց ամենայն հավանականությամբ Հոռեկավան կամ Հոռեկա գյուղ անվանվել է հենց V դարից:

1797 թ. գաղթից 12 տարի անց՝ 1809 թ., Մելիք-Բեգլարյանների վերջին ժառանգները Վրաստանից վերադառնում են հայրենիք: Գյուղացիները, տեսնելով իրենց հին գյուղը Հոռեկայի մոտ ամբողջովին ավերված, որոշում են բնակություն հաստատել այժմյան Թալիշի տեղը: Այս նոր տեղում գյուղը կոչում են Թբլեցիք (Թբիլիսի բառից): 1822 թ. Մելիք Ֆրիդոնի 4-րդ որդի Թալիշ բեկի պատվին, որը դառնում է գյուղի կառավարիչ, այն վերանվանվում է Թալիշ:

«V դարում հիմնադրված և տարբեր ժամանակներում օտար զավթիչների բազմաթիվ հարձակումներին դիմակայած գյուղն իր գոյության ընթացքում մի քանի անգամ հիմնահատակ ավերվել է, բայց ամեն անգամ վերականգնվել է նրա նվիրյալ ժողովրդի շնորհիվ,- ասում է Սլավա Բայունցը:- Առաջին անգամ Գյուլիստանի գավառը` այդ թվում և Թալիշ գյուղը, լիովին դատարկվում է 1797 թ., երբ ժողովուրդը Մելիք Ֆրիդոնի և Մելիք Աբովի գլխավորությամբ գաղթում է Վրաստանի Բոլնիս գավառը և մնալով այնտեղ 12 տարի` 1808-1809 թթ. վերադառնում է»:

Թալիշցիների մյուս կարճատև գաղթը տեղի է ունենում XX դարասկզբին` Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ սկսվում են հայ-թուրքական կռիվները: Այդ կռիվների ժամանակ, չկարողանալով դիմակայել թուրքերի գերակշռող ուժերին, թալիշցիները ստիպված թողնում են գյուղը: Թուրքերը, մտնելով գյուղ, քանդում և հրդեհում են տները, թալանում, կոտորում գյուղը չլքած գյուղացիներին: Այս կռիվները տևում են շուրջ երկու ամիս (ապրիլ-մայիս), որից հետո ժողովուրդը վերադառնում է հայրենի գյուղ:

Հյուսիսային Արցախի բնակչության մյուս խոշոր տեղահանությունը կատարվում է արդեն Արցախյան պատերազմի ժամանակ: Թալիշցիները գյուղը լքում են 1992 թ. հունիսի 16-ին: «1988 թվականից, երբ սկսվում է Արցախյան շարժումը, լեռնաշխարհի բոլոր սահմանային գյուղերում ստեղծվում են ինքնապաշտպանական ուժեր: Թալիշի սահմանների պաշտպանության համար գյուղում կազմավորվում են աշխարհազորային խմբեր: Թալիշցի երիտասարդները Արցախում առաջիններից էին, որ համախմբվելով ստեղծեցին ինքնապաշտպանական ջոկատներ: Տղաներին արձագանքեցին նաև հայաստանաբնակ թալիշցիները, որոնք եկան սատար կանգնելու իրենց եղբայրներին ու քույրերին, հայրենի հող ու ջրին,- պատմում է Սլավա Բայունցը:- Թալիշի տղաները 4 տարի շարունակ մաքառեցին, կռվեցին, գոյության պայքար մղեցին թշնամու դեմ, բայց անկարող եղան պաշտպանելու դարավոր գյուղը՝ իրենց պապերից ժառանգած հողն ու ջուրը: Երբ 92-ի հունիսի 16-ի կեսօրին Թալիշն ընկավ, շատերը երդվեցին վրեժ լուծել թշնամուց, երդվեցին պայքարել մինչև վերջ, որպեսզի հետ գրավեն ու թույլ չտան թշնամուն պղծելու այդ սուրբ հողը»:

1994 թ. ապրիլի 13-ին սկսվում է Թալիշի ազատագրման օպերացիան, և ապրիլի 14-ին գյուղն ազատագրվում է: Բայց այն լիովին ավերված էր, չկար ոչ մի կանգուն տուն, կային միայն վառված ու քանդված պատեր: 2 տարվա գերությունից հետո Թալիշը վեջնականապես ազատ շունչ է քաշում: Գյուղը վերաբնակեցվում է, դանդաղ, բայց հաստատուն քայլերով վերակառուցվում ու շենանում:

Ցավոք, 2016 թ. ապրիլի 2-ին թալիշցիները կրկին ստիպված էին լքել գյուղը: Եվ չնայած հակառակորդն այնտեղից դուրս է շպրտվել, բնակիչներն առայժմ գյուղ վերադառնալու լիարժեք հնարավորություն չունեն, քանի դեռ չկան անվտանգության երաշիքներ: Սակայն թալիշցիները վստահ են, որ շատ շուտով կրկին շենացնելու են երբեմնի հզոր ու կանգուն Թալիշը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: