Հայերեն   English   Русский  

​ԱՍՈՐԵՍՏԱՆ


  
դիտումներ: 1086

Ասորիքն է եղել մեր թշնամին – ահա՛

Դաշտ է տեղը և չկա քար քարի վրա:

Վահան Տերյան

Ասորեստանի թագավորությունը Հին աշխարհի հզորագույն տերություններից էր: Ասորեստանը պատմական Հայաստանի հարավային հարևանն էր, և հայ-ասորական հարաբերությունները բազմաշերտ ու բազմաբնույթ էին: Սակայն այս հարաբերություններում գերիշխում էր թշնամությունը: Ասորեստանը հայոց այն եզակի հարևաններից էր, որը երբևէ բարիդրացիական հարաբերություններ չի պահպանել հայերի հետ:

Անգամ հայոց հնագույն ավանդապատումն է սկսվում հայ-ասորական բախումով: Խոսքը վերաբերում է Հայկի և Բելի պատմությանը, երբ հայոց նահապետ Հայկը, ըմբոստանալով Բելի դեմ, Հայոց ձորի ճակատամարտում իր լայնալիճ նետով տապալում է Տիտանյան հսկային:

Ասորեստանը կամ Աշուրը Առաջավոր Ասիայի հնագույն տերություններից է: Ասորիները սեմական ժողովուրդ են, բնակվում էին Միջագետքում՝ Տիգրիսի միջին հոսանքներում: Ասորեստանի գլխավոր քաղաքն Աշուրն էր, որ երկրի քաղաքական ու հոգևոր կենտրոնն էր համարվում:

Մ.թ.ա. XIX դարում Ասորեստանում ամրակուռ պետություն է ձևավորվում Շամշի-Ադադ Առաջինի նախաձեռնությամբ: Միջագետքը, շնորհիվ Եփրատ և Տիգրիս գետերի, բերրի էր և խիտ բնակեցված: Բացի այդ, Ասորեստանով էին անցնում դեպի Հայաստան, Եգիպտոս և Իրան, Փյունիկիա տանող հաղորդակցության ու առևտրական ուղիները, ինչի շնորհիվ ասորական պետությունը շատ արագ ծաղկեց ու բարգավաճեց: Շամշի-Ադադ Առաջինն իրեն ենթարկեց ողջ Հյուսիսային Միջագետքը և իր տերությունը դարձրեց հզորագույնը տարածաշրջանում:

Սակայն շուտով Ասորեստանի համար զորեղ ախոյան հանդես եկավ՝ Բաբելոնի հզորացած թագավորությունը, որը մ.թ.ա. XVIII դարի կեսերին գրավեց Ասորեստանն ու շուրջ 200 տարի հարկատու դարձրեց նրան:

Մ.թ.ա. XVI դարում Ասորեստանն ազատվեց Բաբելոնի թագավորության գերիշխանությունից, սակայն այս անգամ նրա ախոյանը՝ Միտտանիի հայկական թագավորությունը, հայտնվեց հյուսիսից:

Մ.թ.ա. XVI դարում Միտտանիի թագավորությունը հասել էր հզորության գագաթնակետին: Հայոց այս պետությունը, որ զբաղեցնում էր Հայկական լեռնաշխարհի հարավային և արևմտյան հատվածները, Միջերկրական ծովի արևելյան ափերում հաստատվելու համար արյունահեղ մարտեր էր մղում Եգիպտոսի թագավորության դեմ: Բնականաբար, Միտտանիի զորեղագույն արքաները չէին կարող աչքաթող անել հարուստ ու բարգավաճ Ասորիքը, և մ.թ.ա. XVI-XIV դարերում Ասորեստանը հայտնվում է հայոց տերության քաղաքական-մշակութային ազդեցության ոլորտում: Ահա այդտեղից են գալիս հետագայում ասորա-արարատյան մշակութային շատ ընդհանրություններ, որ ուսումնասիրողների հիմնական մասի կարծիքով՝ Արարատյան թագավորության վրա Ասորեստանի ազդեցության արդյունք էր: Իրականում Միտտանիին Ասորեստանի շուրջ 200-ամյա ենթակայության ընթացքում ասորիների քաղաքակրթությունն ազդվեց հայոց մշակույթից:

Չնայած երկրում տարածված այլասերված բարքերին ու ավանդույթներին՝ Ասորեստանը բարձրարվեստ մշակույթ ուներ: Այնտեղ ճարտարապետական, քանդակագործական գլուխգործոցներ էին ստեղծվում: Զարգացած էր գիտությունը: Ասորական Աշուրբանիպալ արքայի մի արձանագրության մեջ հիշատակվում է. «Ես` Աշուրբանիպալս, դպիրների արվեստը ընդունեցի, բոլոր վարպետների գիտելիքները, որքան կան, սկսեցի կրակել նետով, ձիով ու կառքով ման գալ, պահել սանձերը… Ես բացահայտեցի նամակի արվեստի փակ գաղտնիքները, կարդացի երկնային և երկրային կառույցների մասին և խորհեցի, մասնակցեցի թագավորական գրագիրների հավաքներին, հետևեցի նախանշաններին, քահանաների հետ բացահայտեցի երկնային երևույթները, որոշեցի կարևոր խնդիրներ, որոնք միանգամից հասկանալի չէին… Հենց այդ ժամանակ էլ սովորեցի և այն, թե ինչ է հարկավոր, և գնացի իմ արքայական ճանապարհով»:

Ասորեստանի հզորության նոր շրջանը կապված է Աշուր-Ուբալիտ Ա արքայի անվան հետ, որը կառավարել է մ.թ.ա. XIV դարում: Նրա հաջորդներից Սալմանասար Առաջինը մեծ բանակով մտավ նաև Արարատյան թագավորության տարածք, սակայն հակահարված ստանալով՝ ստիպված էր նահանջել: Սալմանասար Առաջինը գրավեց ու ավերեց Ասորեստանի ոխերիմ թշնամի Բաբելոնը: Թվում էր՝ Ասորեստանի առաջխաղացումն այլևս անկասելի էր, սակայն հերթական անգամ հարվածը հասավ հյուսիսից: Մ.թ.ա. IX դարում՝ Արամեի օրոք, Արարատյան թագավորությունը հզորացավ: Նրա հաջորդներից Մենուա Ա, Արգիշտի Ա արքաները ավելի զորեղացան, և հայոց բանակներն ասպատակներ սփռեցին ողջ Ասորիքում: Ասորեստանը դարձյալ դարձավ հայոց պետության հարկատու և ենթակա, իսկ հայոց թագավորությունը՝ զորեղագույնը Առաջավոր Ասիայում:

Սակայն մ.թ.ա. VIII դարի վերջին իրերի վիճակը փոխվում է հօգուտ Ասորեստանի: Սարգոն Բ արքան, համախմբելով իր ուժերը, նախ առանձին-առանձին ջախջախում է Արարատյան թագավորության դաշնակիցներին, ապա՝ մ.թ.ա. 714 թ., մեծ բանակով արշավում է հայոց երկրի վրա: Նա կարողացավ գրավել և թալանել հայոց հոգևոր կենտրոնը՝ Արդինիի Մուսասիրի տաճարը: Սարգոնը հսկայական հարստություն տարավ Մուսասիրից՝ 6110 գերի, 692 ջորի և ավանակ, 920 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, 100 հազար 225 գառ: Այնուհետև, ինչպես ամենայն մանրամասնությամբ նկարագրվում է նրա թողած արձանագրության մեջ՝ «Լուվրի աղյուսակում», ասորական զորքը կողոպտում է Մուսասիրի հսկայական հարստությունը. հիշատակում է 34 տաղանդ, 18 մին ոսկի, 167 տաղանդ, 2,5 մին արծաթ: Այսինքն՝ մի քանի տոննա միայն ազնիվ մետաղներ, 10 տոննայից ավելի բրոնզ:

Դա հսկայական կարողություն էր: Հայոց Ռուսա Ա արքան վշտից ինքնասպան է լինում: Շատ չանցած՝ հայոց Արգիշտի Բ արքայի գահակալման տարիներին, հայոց երկրի և Ասորեստանի հարաբերությունները համեմատաբար հավասարակշռվում են, սակայն Արարատյան թագավորության աստղը մարում էր, և Ասորեստանը կարողացավ մ.թ.ա. VII դարում հպատակեցնել հայոց պետությունը:

Կործանվող Արարատյան թագավորությանը փոխարինելու եկավ հայոց Երվանդունիների թագավորությունը: Մ.թ.ա. VII դարի 40-ական թվականներից Հայկական լեռնաշխարհի մի մասի վրա իշխում էր Երվանդունի տոհմից Պարույր Սկայորդին: Նա Ասորեստանին հարվածելու և Արարատյան թագավորությունը, որ ասորիների հպատակ երկիր էր դարձել, իր թագի տակ միավորելու ջանքեր է գործադրում: Պարույր Սկայորդին դաշինք է կնքում հզորացող Մարաստանի թագավոր Կիաքսարի, Բաբելոնի թագավոր Նաբուպալասարի հետ, և մ.թ.ա. 612 թ. հայոց բանակը՝ Պարույրի հրամանատարությամբ, ասպատակներ սփռելով Միջագետքում, հայտնվում է Ասորեստանի մայրաքաղաք Նինվեի պարիսպների տակ: Պաշարված մայրաքաղաքը երկար չկարողացավ դիմադրել դաշնակիցներին: Դաշնակիցներն անողոք գտնվեցին իրենց ոսոխի նկատմամբ և հիմնահատակ քարուքանդ արեցին Ասորեստանի մայրաքաղաքը: Մի քանի տարի անց՝ մ.թ.ա. 609 թ., ասորական բանակը ծանր ու վերջնական պարտություն կրեց Կիրքամեշի տակ, և այսպիսով՝ Ասորեստանը վերացավ աշխարհի քաղաքական քարտեզից:

Հայ-ասորական հարաբերություններն արտացոլված են հայոց ավանդապատումներում: Խոսքը Արա Գեղեցիկի և Շամիրամի մասին է: Շամիրամն ասորական առասպելական արքա Նինոսի կինն էր, որ սիրահարվում է հայոց արքա Արային: Նա սպանում է իր ամուսնուն և Արային առաջարկում տիրանալ թե՛ իր անձին, թե՛ Ասորեստանին: Արան, հավատարիմ մնալով իր կնոջը՝ Նուարդին, մերժում է Շամիրամի սերը: Սկիզբ առած պատերազմում Արան զոհվում է իր անունը կրող Արայի լեռան տակ ընթացող ճակատամարտում, իսկ Շամիրամը երկար սգում է Արայի մահը:

Համաձայն առասպելի՝ Շամիրամն է Բաբելոն քաղաքի հիմնադիրը: Նա այնտեղ կախովի այգիներ է տնկել, որոնց հռչակը տարածված էր Հին աշխարհում: Շամիրամի կախովի այգիները Հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկն են:

Հայ ժողովուրդն իր առասպելաբանության և ավանդույթի մեջ շատ տեղ է տվել Ասորեստանի այս առասպելական թագուհուն: Հայաստանի շատ տեղանուններ կոչված են Շամիրամի անունով: Մեր նախնիները Շամիրամի անվամբ են կոչել նաև Մենուայի ջրանցքը, որ հայոց արքան կառուցել է մ.թ.ա. VIII դարում: Այն 72 կմ հեռավորությունից մինչ օրս ջուր է մատակարարում Վան քաղաքին: Ի դեպ, Շամիրամի առու կոչված այս հոյակերտ ջրանցքն աշխարհում պահպանված և մինչ օրս գործող ամենահին և ամենաերկար ջրանցքն է:

Հայ-ասորական հարաբերությունների արձագանքներն առկա են նաև հայոց այլ ավանդություններում: Համաձայն Մովսես Խորենացու՝ հայոց Արծրունյաց նախարարական տոհմը սերել է Ասորեստանի Սենեքերիմ թագավորի որդի Սանասարից, որը, սպանելով իր հորը, փախել և ապաստանել է Հայաստանի Սիմ լեռան քերծերում: Սա, իհարկե, սոսկ տուրք էր ժամանակի ոգուն:

Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո, երբ մասնատվեց նրա կայսրությունը, նրա զորավար Սելևկիոս Նիկատորը հիմք դրեց Ասորիքի Սելևկյանների թագավորությանը: Ճիշտ է, իր բնույթով, էթնիկ կազմով այս Ասորիքը բոլորովին այլ պետություն էր, բայց սա էլ արժանացավ նախորդի ճակատագրին և ընկավ հայկյան բազկի հարվածներից: Մ.թ.ա. 83 թ. Տիգրան Մեծը բազմեց Ասորիքի գահին՝ դրանով վերջ դնելով Սելևկյան թագավորությանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: