Հայերեն   English   Русский  

​Մահվան 55-րդ տարելիցի առթիվ.Անմոռաց անուն` Սիմակ Սահակյան


  
դիտումներ: 2822

Հայ իրականության մեջ ավելի քան կես դար հանրածանոթ է եղել Սիմակ Սահակյանի անունը և կարծում եմ՝ դեռ երկար ժամանակ անմոռաց կմնա:

Նշանավոր այս լոռեցին ծնվել է 1879 թ. Ստեփանավանի շրջանի (Լոռու մարզ) Ագարակ գյուղում: Սզբնական կրթությունը ստացել է Վրաստանի Շուլավեր (Շահումյան) գյուղում, ապա ընդունվել Ներսիսյան դպրոց, որն ավարտելուց հետո՝ 1899 թ., ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանի լսարանական բաժինն ու ավարտել է 1901 թ.: Նույն տարում վերադարձել է Թիֆլիս և շուրջ 20 տարի պաշտոնավարել այդ դպրոցում՝ վայելելով մեծ հեղինակություն: 1921 թ. վերադարձել է Հայաստան ու նշանակվել Լոռու, ապա Լոռի Փամբակի գավառային հեղկոմի ժողովրդական կրթության բաժնի վարիչ: 1927 թ. նա տեղափոխվել է Երևան և աշխատանքի տեղավորվել ուսուցիչների վերապատրաստման գծով: Նա միաժամանակ հանդիսացել է «Ժողովրդական լուսավորություն» ամսագրի պատասխանատու քարտուղարը, նաև դասավանդել է մանկավարժական տեխնիկումում: 1927-30 թթ. նա Երևանի բանֆակի դիրեկտորն էր: Հենց 1930-ին էլ նա, առաջինը հանրապետությունում, արժանացել է «ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ» կոչման: Մինչև 1951 թ. Սիմակ Սահակյանը ուսուցչություն է արել հանրապետության տարբեր դպրոցներում, դասախոսել բուհերում:

Ուշադրության արժանի է նաև Սիմակ Սահակյանի գրական գործունեությունը: Թբիլիսիում հրատարակվող «Հասկեր» ամսագրում տպագրվել են նրա մանկական պատմվածքները, ինքնուրույն և թարգմանական այլ գործեր: Շուրջ 12 տարի եղել է այդ ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ: Նա հրապարակախոսական հոդվածներով հանդես է եկել «Մեր խոսքը», «Պայքար», «Բանվոր», «Բանվորի կռիվը», «Պահակ» և այլ թերթերում:

1924-39 թթ. Ս. Սահակյանը եղել է ՀԿԿ Կենտկոմի կուսակցական վերահսկողության հանձնաժողովի անդամ, 1938-ից մինչև 1951-ը՝ հանձնաժողովի նախագահը: Երկար տարիներ եղել է հանրապետության Գերագույն սովետի պատգամավոր, սկսած 1944 թ. մինչև իր մահը (1961 թ.) եղել է Հայկական ԽՍՀ Գերագույն սովետի անփոփոխ նախագահը: Երկու անգամ արժանացել է ժամանակի բարձրագույն պարգևին` Լենինի շքանշանի, պարգևատրվել նաև Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով, բազմաթիվ մեդալներով, պատվոգրերով, շնորհակալագրերով:

Կարծում եմ՝ Սիմակ Սահակյանի անմոռաց կերպարին արժանի ուրվագիծ կարող է դառնալ Ներսիսյան դպրոցի շրջանավարտներից մեկի՝ Վահրամ Դարյանի հուշերի պատառիկը, որ ժամանակին զետեղվել է «Անմոռաց անուններ. Ներսիսյան դպրոցի սաներ» (Երևան, 1965) գրքում: Այն ինչ կապված է անմահ Հովհաննես Թումանյանի անվան հետ, չի կարող հետաքրքիր չլինել, ուստի ընթերցողին եմ ներկայացնում վերոհիշյալ հուշապատումը՝ առանց միջամտության:

Նա և՛ ուսուցիչ էր, և՛ լավ ընկեր:

Այո, ադպիսին էր Սիմակը: Ուսուցիչ էր, երբ մտնում էր դասարան կամ զանազան առիթներով զրույցի բռնվում աշակերտների հետ: Նա այնքան մոտ էր վերջիններիս, որ դասամիջոցներին, մոռացած պաշտոն ու կոչում, սրտաբուխ զրուցում էր նրանց հետ կամ բակում, ազատ, անկաշկանդ, թևերը վեր քշտած, փեշերը հավաքած, լախտի կամ աթուրմա էր խաղում:

Պարզ ու անմիջական էր Սիմակը, զգայուն, մարդամոտ ու մարդասեր, ինչպես հատուկ է լոռեցիներին:

1919 թվականի սեպտեմբեր ամիսն էր: Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում պարապմունքները նոր էին սկսվել: Այդ ժամանակ Թիֆլիսի հայ հասարակայնությունը տոնում էր ժողովրդական մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի գրական գործունեության 30-ամյակը և ծննդյան 50-ամյակը:

Այդ օրը հոբելյարին ողջունելու համար մեր դպրոցն ընտրեց պատվիրակություն, որի կազմում ուսուցիչների կողմից մտնում էր Սիմակը, աշակերտության կողմից` Գուրգեն Ոսկանյանն ու Գևորգ Քացախյանը, իսկ ցածր դասարանցիների կողմից` տողերիս հեղինակը:

Սիմակի գլխավորությամբ գնացինք Հովհ. Թումանյանին շնորհավորելու: Այն ժամանակ նրա տունը գտնվում էր Թիֆլիսի Վոզնեսենսկայա փողոցում:

Հասնելով Թումանյանի տունը՝ ներս մտանք շքամուտքից և բարձրացանք 2-րդ հարկ: Ընդարձակ սենյակում բացված էր ճոխ սեղան:

Շուտով երևաց Հովհաննես Թումանյանը: Նրա պայծառ դեմքին փայլում էր գերող ժպիտ: Առաջինը Սիմակն ընդառաջ գնաց իր հաղթ հասակով, և նրանք, որպես վաղեմի բարեկամներ, ջերմորեն ողջագուրվեցին:

Տեսարանը հուզիչ էր և մինչև հիմա հիշում եմ ոնց որ այսօր:

Սիմակն այսպես սկսեց.

- Սիրելի Օհանես, իմ մեծ լոռեցի, մենք քեզ նվեր ենք բերել: Մի հատ շատ մեծ նվեր: Ներսիսյան դպրոցի քեզ այնքան սիրող ու գնահատող մեծաթիվ դասատուների ու բազմահարյուր աշակերտության սրտերի անսահման սերն ու քաջառողջության մաղթանքներն ենք բերել:

Շուտով տուն մտավ Թումանյանի ընտանիքի մտերիմ բարեկամ Դերենիկ Դեմիրճյանը, նրա հետևից՝ Թումանյանի կինը` տիկին Օլգան: Նստեցին: Մտերմական զրույց սկսվեց:

Մենք շուտով հրաժեշտ տվեցինք և դուրս եկանք տնից, բայց շարունակ աչքերիս առաջն էր Թումանյանի դեմքի գերող բարությամբ ողողված ժպիտը: Ես դեռ լսում էի մեր ուսուցիչ Սիմակի խոսքերը՝ ուղղված Թումանյանին` մենք քեզ նվեր ենք բերել…

Հ.Գ. - Ներսիսյան դպրոցի շրջանավարտներ են եղել նաև Սիմակ Սահակյանի ազգակից հայրենակիցներ, եղբայրներ, պետական գործիչներ Արամ և Բենո Եգորի Սահակյանները, որոնք նույնպես ծնվել են Ջալալօղլիում (Ստեփանավան): Ի դեպ, տարին հոբելյանական է Բենո Սահակյանի համար՝ ծննդյան 130-ամյակն է:

Վաղարշակ Ղորխմազյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: