Հայերեն   English   Русский  

​ԵՐԱԶԱՄՈՒՅՆ ՏԻՐԸ


  
դիտումներ: 634

Հայը նման է իր աստվածներին, կամ հայոց աստվածները հայի կերպարն են արտացոլում: Այս ձևակերպումների մեջ էական տարբերություն չկա: Գիտությունը, մշակույթը հայի էության, կենսակերպի անբաժան մասն են: Եվ աշխարհում միայն հայերն են, որ իրենց դիցարանում ունեն գիտության աստծված՝ Տիր:

Տիրը հայոց դիցարանում գիտության, կրթության, լույսի աստվածն է, աստվածների դպիրը, երազների մեկնիչը, բարի ու չար գործերը գրանցողը: Հայոց առասպելաբանության մեջ Տիրը հայտնի է նաև Գրող անվամբ, քանզի գրի էր առնում մարդկանց բոլոր գործերը, վարմունքները: Եվ հայերի մեջ «գրողը տանի», «գրողի ծոցը» արտահայտությունները հենց Տիրի պաշտամունքի հետ են կապված:

Տիրին նվիրված տաճարներ Հայաստանում ամենուր էին: Իսկ գլխավոր տաճարը, որ կոչվում էր Երազամույն կամ Զվարթնոց, Այրարատ աշխարհում էր՝ հայոց երկրի սրտում՝ Վաղարշապատ մայրաքաղաքի մոտակայքում: Ի դեպ, զվարթնոց բառի բացատրությունն այժմ մեկնաբանվում է որպես արթուն հրեշտակ: Հայոց հին պաշտամունքում հրեշտակներ չեն եղել, դրանք ներմուծված են եբրայական ավանդություններից: Եվ առհասարակ, զվարթնոց բառի մեջ հրեշտակ չկա: Կարծում եմ՝ Զվարթը կամ Զվարթնոցը Տիրի անուններից մեկն է եղել: Չէ՞ որ Տիրը գիտության աստվածն է, իսկ գիտությամբ զբաղվելու համար առնվազն զվարթ՝ արթուն միտք պետք է ունենալ:

Տիրի տաճար եղել է նաև Այրիվանքում՝ ներկայիս Գեղարդավանքում: Վանական համալիրի մուտքին հարող ժայռափոր փոսերը, ուր ուխտավորները փորձում են քարեր գցել՝ նախապես երազանք պահելով, Տիրի պաշտամունքի մնացուկներն են և ուղղակիորեն վկայում են այնտեղ ժամանակին Տիրի տաճարի գոյության մասին: Չէ՞ որ քրիստոնեությունը ոչ միայն չի խրախուսում, այլև արգելում է նման գուշակությունները: Եվ նույն ժայռին փորագրված հսկա խաչքարերի տեղում նախաքրիստոնեական Հայաստանում պետք է որ Տիր աստծու պատկերը քանդակված լիներ, անգամ՝ արձանը կանգնեցված:

Տիր աստծուն նվիրված տաճարները եղել են դպրության կենտրոններ, հետևաբար, բոլոր այն վայրերում, որտեղ մենք ունենք նախաքրիստոնեական գիտության և դպրության կենտրոններ՝ դպրոցներ, աստղադիտարաններ և այլն, եղել են Տիրի տաճարներ: Իսկ դրանք Հայաստանի Հանրապետության տարածքում շատ են, Քարահունջում, Տաթևում, Մեծամորում, Հաղպատում: Արևմտյան Հայաստանում Տիր աստծուն նվիրված նշանավոր տաճար կար Մշո Սուրբ Կարապետ վանքի տեղում:

Բնականաբար, Տիրի տաճար եղել է նաև Արմավիր մայրաքաղաքի մոտ՝ Սոսյաց անտառում, որտեղ հայոց քրմերը գիտություն են ուսումնասիրել, գուշակությամբ զբաղվել:

Հայոց տոմարի չորրորդ ամիսն էլ անվանակոչած էր դպրության աստծու անվամբ և կոչվում էր Տրէ:

Տիր աստծու անվամբ Մեծ Հայքում շատ տեղանուններ էին կոչված՝ Տիրակատար լեռը Տուրուբերանում, Տիրառիճ և Տրէ անվամբ մի քանի գյուղեր, անգամ քաղաք՝ Տիրակատար:

Տիրը հայոց ամենասիրելի ու պաշտելի աստվածներից էր, և հայերն իրենց զավակներին նաև Տիրի անվամբ են կոչել՝ Տիր, Տրդատ, Տիրանուն, Տիրոց, Տիրան, Տիրուհի: Ի դեպ, այս անունները կարող էին նաև պատվանուններ լինել և տրվել գիտության, մշակույթի ասպարեզում աչքի ընկած հայորդիներին: Աշխարհում հայտնի առաջին գրատունը առաջին դարում բացվել է Հռոմում՝ հայազգի Տիրանի կողմից: Դժվար է ասել՝ արդյոք Տիրան անունը տվյալ պարագայում պատահականությո՞ւն է, թե՞ հայորդու պատվանունն է եղել:

Հայոց մեջ Տիրի պաշտամունքի շատ տարրեր են պահպանվել Սուրբ Սարգսի, Տրնդեզի, Համբարձման տոներում: Դրա վկայությունն են այդ տոների արդեն քրիստոնեական շրջանում կատարվող մի քանի ծիսակատարություններ՝ կապված գուշակությունների հետ: Քանի որ քրիստոնյա եկեղեցին ոչ միայն չի ընդունում գուշակությունը, այլև արգելում է, հայերը Տիրի պաշտամունքի այդ ծիսական տարրերը պահպանել են հազարամյակներ ի վեր ավանդույթի և կենցաղային սովորությունների ձևով: Այդ տոները Տիրի պաշտամունքի հետ կարելի է կապել՝ դատելով նաև տոնածիսական խոհանոցից: Տիր աստվածը նաև հացահատիկավոր բույսերի հովանավոր դիցն էր: Իսկ Տրնդեզի և Սուրբ Սարգսի տոների խոհանոցը հիմնականում բաղկացած էր դրանցից: Համբարձման տոնի խաղ-գուշակություններն էլ լրացուցիչ վկայություն են ժամանակին տոնի՝ Տիրի նվիրապետությանը պատկանելու մասին:

Տիրը նաև ծիածանի հովանավորն էր: Ծիածանն իր գույներով համարվում էր Տիր աստծու գոտին, որ երիզում էր երկնակամարը: Հայերը հնում ծիածանի գույներով նաև գուշակություններ են կատարել: Եթե Տիրական գոտու կանաչ գույնը մյուսներից ավելին է, ապա այդ տարի ցորենի բերքն առատ է լինելու, եթե դեղինն է մեծ, ապա հիվանդություն է սպասվում…

Հայ ռանչպարը դաշտը մշակելիս, հերկելիս, հատուկ ծիսակարգ է կատարել՝ նվիրված Տիր աստծուն: Անդաստանի ծեսից հետո վար անող եզի կոտոշները ծաղիկներով են զարդարել, եզի պարանոցից գինդեր, զանգեր, ծաղկեպսակներ են կախել, ի վերջո, զոհ են մատուցել Տիր աստծուն: Եվ հողի մեջ նետված առաջին սերմացու ցորենը կոչվել է Տրի հատիկ: Տիրը նաև ժրաջան մեղուների և մեղրի հովանավոր դիցն էր:

Տիրի պաշտամունքին են առնչվել նաև հայոց մեջ ծառերի, հատկապես՝ ուռենիների, չինարի, բարդի և կաղնի ծառերի պաշտամունքին առնչվող շատ տարրեր: Գարնան գալստի և գյուղատնտեսական աշխատանքների հետ մեկտեղ հայերը որոշ ծիսակարգ են կատարել: Դրանցում իհարկե կան տոտեմապաշտական և խորհրդապաշտական շատ տարրեր, բայց անկասկած նվիրված են Տիրին: Օրհնած ուռենու ճյուղեր են պահել ցորենի ամբարում, գցել խնոցու մեջ, որ հացն ու կաթը առատ լինեն, ուռենու ճյուղերից են պատրաստել «առատության ծառը» հայկական հարսանիքում և ուռենու ճյուղերով, որպես տղաբերքի խորհրդանշան, կատակածեծ տվել աղջիկներին և հարսներին, ուռենու ճյուղեր են փռել ազնվազարմ տիկնանց մահիճների վրա:

Տիրի պաշտամունքից, ցավոք, շատ բան մեզ չի հասել: 301 թվականի ավերածությունն առաջինը հենց Տիրի պաշտամունքին հարվածեց: Հայաստան զենքով ու բռնությամբ ներխուժած օտար դավանանքը, բնականաբար, առաջինը պետք է հարվածեր գիտությանն ու մշակույթին: Եվ պատահական չէ, որ Գրիգոր Պարթևի և Տրդատի գլխավորած հրոսակներն առաջինը կործանեցին Երազամույն Տիրի տաճարը Զվարթնոցում: «…[Թ]ագաւորն խաղայր գնայր ամենայն զօրօքն հանդերձ ի Վաղարշապատ քաղաքէ՝ երթալ յԱրտաշատ քաղաք, աւերել անդ զբագինսն Անահտական դիցն, և որ յԵրազամոյն տեղիսն անուանեալ կայր: Նախ դիպեալ ի ճանապարհի երազացոյց երազահան պաշտաման Տրի դից, դպրի գիտութեան քրմաց, անուանեալ Դիւան գրչի Որմզդի, ուսման ճարտարութեան մեհեան. նախ ի նաձեռն արկեալ` քակեալ այրեալ աւերեալ քանդեցին»:

Եվ նոր կրոնը, բնականաբար, հայությանն իրեն ենթարկելու համար պետք է առաջին հերթին հարվածեր գրչությանը: Արգելվեցին նախամաշտոցյան գրային համակարգերը, արգելվեց հայոց գիրը, երգը, անգամ՝ պարը: Եկեղեցին հարձակման անցավ ամեն ազգայինի դեմ: Եվ առաջին զոհը դարձան Տիրի տաճարներն ու հայոց գրչությունը: Հետագայում, իհարկե, նույն եկեղեցին հորինեց գեղեցիկ լեգենդ Մեսրոպ Մաշտոցի կողմից հայոց գրերի արարման մասին: Բնականաբար, Մաշտոցին այդ գործում պետք է աջակցեր Հիսուսը, ինչպես Կորյունն է գրում: Չէ՞ որ, պատումի համաձայն, Մաշտոցը երազում տեսնում է, թե ինչպես է աստված գրում տառերը, և նա արթնանալուց հետո հիշողությամբ նկարում է դրանք:

Իսկ նախամաշտոցյան գրերի առկայության մասին բազում վկայություններ կան: Հենց Ագաթանգեղոսը, պատմելով Տրդատի կողմից քրիստոնյաներին հալածելու մասին, նշում է, որ հայոց արքան իր մոտ հրավիրեց մեհենական գրեր կարդացող քրմերին և թելադրեց իր հրովարտակը… Խոսուն փաստ է և միակը չէ:

Ի վերջո, անտրամաբանական է ունենալ դպրության և գրչության, գիտության հովանավոր աստված, բայց չունենալ գիր ու գրային համակարգ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: